Այս գիշեր Քանաքեռում սպանվածներից մեկը նախկին պատգամավոր է, մյուսը՝ քրեական հեղինակություն. Մանրամասներ

Չորս անձ է սպանվել այսօր Քանաքեռի 16-րդ փողոցի տներից մեկում հնչած կրակոցների արդյունքում։ Փաստի առթիվ, ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը, հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանության տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, նշված է. «Նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:45-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Քանաքեռի 16-րդ փողոցի տներից մեկում մարդ է վիրավորվել։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողներ:

Ժամը 03:55-ին ահազանգեր են ստացվել հիվանդանոցներից, ուր հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր 6 տղամարդ։ Օպերատիվ-քննչական խումբը դեպքի վայրում հայտնաբերել է 42-ամյա Ա.Ղ.-ի և 37-ամյա Ա.Խ.-ի դիակները՝ հրազենային վնասվածքներով։ Հայտնաբերվել է նաև 45 պարկուճ և գնդակ, 4 ատրճանակ, 2 ինքնաձիգ՝ փամփուշտներով։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Հիվանդանոց տեղափոխված տղամարդկանցից 38-ամյա Ա.Բ.-ն և 61-ամյա Ա.Ս.-ն մահացել են։ Կատարվում է նախաքննություն»։

Վերոհիշյալ Ա.Ս.-ն ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանն է, նույն ինքը՝ Քանաքեռցի Արտյուշը, որը ստացած վիրավորումներից մահացել է հիվանդանոցում, իսկ Ա.Ղ-ն՝ Արթուր Ղազարյանը, նույն ինքը՝ քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույ»-ը, որը կրակոցների հետևանքով սպանվել է տան բակում։ Տունը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, պատկանում է նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանին: Դեպքի վայրում հայտնաբերվել են մի քանի տեսակի զենքեր, կրակած պարկուճներ, գնդակներ, դանակ, արնանման հետքեր: