Հայտնի են զանգվածային թունավորման դեպքերի պատճառով «Տաշիր պիցցա»-ում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքները

ՀՀ առողջապահության նախարարությունն ու սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարություն են տարածել օրեր առաջ «Տաշիր պիցցա» հանրային սննդի ցանցի մասնաճյուղերում գրանցված թունավորման դեպքերի արդյունքում իրականացրած լաբորատոր հետազոտությունների վերաբերյալ:

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իրականացրած համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բոլոր թունավորվածներն օգտվել են նշված ցանցի մասնաճյուղերում մատուցած սննդից: «Տաշիր պիցցա» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի կազմակերպություններում լաբորատոր հետազոտության նպատակով իրականացվել է շրջակա միջավայրի, սննդամթերքի ու կենսանմուշների նմուշառում:

«Լաբորատոր հետազոտությունների արդյունքում խմելու ջրի 4 նմուշում շեղումներ չեն հայտնաբերվել, մակերեսներից վերցված լվացուկների 40 նմուշներից 14-ում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), աշխատակիցներից վերցված մանրէակրության վերաբերյալ 24 կենսանմուշներից երկուսում հայտնաբերվել է salmonella enteritidis,  ստաֆիլակոկակրության վերաբերյալ քիթ-ըմպանից վերցված 26 քսուքից՝ 9 աշխատակիցների մոտ անջատվել է ստաֆիլակոկ: Մանրէաբանական հետազոտության արդյունքում սննդամթերքի 16 նմուշից 3-ում հայտնաբերվել է ստաֆիլակոկ և սալմոնելա (հավի մսից՝ staphylococcus aureus, «կեսար» աղցանի, սոուսի, մարինացված սնկի, երշիկի, կտրատած երշիկի, եփած սնկի, քերած պանրի, հավով միջուկի մեջ՝ salmonella enteritidis):

Ինֆեկցիոն ազգային կենտրոն տեղափոխված հիվանդներից վերցված կղանքի 9 նմուշից 7-ում և Միքայելյանի անվան  վիրաբուժության ինստիտուտ տեղափոխվածներից վերցված 5 նմուշից 4-ում հայտնաբերվել է salmonella enteritidis»,- նշված է հայտարարության մեջ:

ՍԱՏՄ տեսուչները նմուշառումներ են կատարել հանրային սննդի ցանցի մասնաճյուղերում առկա պատրաստի արտադրատեսակներից և հումքից՝ ներկայացնելով դրանք լաբորատոր փորձաքննության: Միաժամանակ լվացուկներ են վերցվել սննդամթերքի հետ շփվող մակերեսներից և գույքից։ Տեղում ուսումնասիրվել է հանրային սննդի կետերի սանիտարահիգիենիկ վիճակը և հավաքագրվել է տեղեկատվություն օգտագործվող հումքի ծագման վերաբերյալ։ Հյուսիսային պողոտայում և Խանջյան փողոցի վրա գտնվող մասնաճյուղերի գործունեությունը անմիջապես կասեցվել է։ Նոյեմբերի 5-ին, ստուգումների ընթացքում, «Տաշիր պիցցա» ՍՊԸ-ն դադարեցրել է իր բոլոր մասնաճյուղերի գործունեությունը:

Տեսչական մարմնին ենթակա «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված՝ մանրէաբանական ցուցանիշներով իրականացված լաբորատոր փորձարկումների արդյունքներով՝ սահմանված նորմերին չեն համապատասխանում՝

  1. թռչնի մսով պատրաստված «Կեսար» աղցանը՝ ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշով
  2. թռչնի խաշած միսը՝ ԱՑԽՄ, սալմոնելաներ և ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով
  3. Հազարը (մարոլ)՝ ԱՑԽՄ և սալմոնելաներ ցուցանիշներով
  4. Տավարի աղացած միսը՝ լիստերիա մոնոցետեգենես ցուցանիշով:

Համադրելով ստուգումների արդյունքում ձեռք բերած տեղեկատվությունը՝ ՍԱՏՄ մասնագետները ստուգումներ են սկսել նաև հանրային սննդի «Տաշիր պիցցա» ցանցում օգտագործվող մայոնեզի արտադրող («Հայր և որդի Ավագյաններ» ՍՊԸ) և թռչնամիս մատակարարող (Սարատովի թռչնակոմբինատ «Կուռնիկով» ՍՊԸ) ընկերություններում։ Մայոնեզից և թռչնամսից ևս կատարվել են նմուշառումներ և ներկայացվել լաբորատոր հետազոտության։

2021 թվականի նոյեմբերի 4-9-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդության բռնկում, որի ընթացքում հիվանդացած 179 անձանցից 35-ը 0-18 տարեկան են: Հիվանդներից 82-ը հոսպիտալացվել են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն, 76-ը՝ «Արմենիա» ԲԿ, 12-ը՝ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, 1-ը՝ «Արարատի» ԲԿ, 2-ը՝ «Մարտունու» ԲԿ, 4-ը՝ «Աբովյանի» ԲԿ, 2-ը՝ «Իջևանի» ԲԿ։ -ում:

Նոյեմբերի 9-ի տվյալներով, հիվանդանոցներից դուրս է գրվել 111 մարդ, ստացիոնար բուժումը շարունակում են 64-ը, որից 26-ը՝ մինչև 18 տարեկան:

«Տաշիր պիցցա» ընկերությունն այս պահին գործունեություն չի իրականացնում. սննդի կետերի գործունեությունը կասեցված կմնա այնքան ժամանակ, մինչև որ կկատարվեն ՍԱՏՄ կողմից տրված հանձնարարակաները, հստակ կպարզվի  թունավորումների հիմնական աղբյուրը։