Ովքե՞ր են փեսացուին դաժանաբար սպանելու համար մեղադրվող պարուհի Լարիսան, նրա եղբայրն ու մայրը. նոր լուսանկարներ և տեսանյութեր

Երևանի առանձնատներից մեկում օրեր առաջ տեղի էր ունեցել դաժան սպանություն. հարսնացուի տանը հայտնաբերվել էր 36-ամյա տղամարդու դի՝ գլխի և մարմնի տարբեր հատվածներում բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով: Սպանության վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ին նոր մանրամասներ են հայտնել ՀՀ քննչական կոմիտեից:

Ըստ այդմ՝ դեպքը տեղի է ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի տներից մեկում: Նոյեմբերի լույս 8-ի գիշերը 36-ամյա Ա.Ս.-ն այցելել է իր նշանածի տուն և շփվել ընտանիքի անդամների հետ: Զրույցի ընթացքում ապագա փեսայի հեռախոսահամարին նամակ է եկել: Նրա հարսնացուն էլ հետաքրքրվել է, թե ով է վերջինիս գրում այդ ժամին: Ա.Ս.-ն հրաժարվել է պատասխանել հարսնացուի հարցին և նրան տալ իր հեռախոսը, որից հետո խոսակցությունը վերածվել է վիճաբանության, դրանից հետո էլ տեղի է ունեցել սպանության դեպքը:

Դեպքի վայր ժամանած քննչական օպերատիվ խմբի կատարած զննությամբ նշված առանձնատան խոհանոցում հայտնաբերվել է 6 հատ դանակ՝ արնանման հետքերով: «Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ սպանության մեջ կասկածվողներից մեկը հենց հարսնացուն է՝ հանրությանը հայտնի պարուհի, պարային ստուդիաներից մեկի հիմնադիր ղեկավար Լ.Հ.-ն: Մյուս երկու կասկածյալները նրա եղբայրն ու մայրն են՝ Մ.Հ.-ն և Մ.Շ.-ն: Նշված երեք անձինք էլ ձերբակալվել են:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Կոտայքի մարզի 36-ամյա բնակչի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: