Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Մանե Գևորգյանը եւ ո՞վ կփոխարինի նրան

Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ազատվել է աշխատանքից։ Թեև Գևորգյանը նշել է, որ աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն, բայց մեր տեղեկություններով՝ վարչապետն է հորդորել նրան հեռանալ։

Գևորգյանի պաշտոնավարման ժամանակ պարբերաբար լուրեր են շրջանառվել նրա հեռանալու մասին, սակայն այս կամ այն պատճառով դրանք իրականություն չեն դարձել։ Այժմ, ինչպես ասում են, դանակը ոսկորին է հասել։ Գևորգյանի հեռացման պատճառը օրեր առաջ Պետրոս Ղազարյանին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցի «կիքսերն» են։ Հարցազրույցում բազմաթիվ կիքսեր են եղել, անորակ, վատ կադրեր, մոնտաժային սխալներ, դրանից բացի՝ վարչապետի պաշտոնական էջում սխալ անոնս է տեղադրվել սպասվող հաղորդման վերաբերյալ, իսկ հաղորդումը հեռուստատեսությամբ և օնլայն հեռարձակմամբ ուրիշ կադրերով են եղել։ Այս ամենից հետո իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ Փաշինյանին ասել են, որ խոսնակը տապալում է ամբողջ աշխատանքը, ոչ լրատվամիջոցների հետ է նորմալ աշխատում, ոչ Փաշինյանի գործունեության լուսաբանմամբ զբաղվում։ Հենց հարցազրույցի գիշերն էլ Փաշինյանը Գևորգյանին հորդորել է դիմում գրել, քանի որ «նա միայն խնդիրներ է ստեղծում»։

Փորձեցինք Մանե Գևորգյանից ճշտել, թե որն է աշխատանքից ազատման պատճառը, բայց ինչպես պաշտոնյա եղած ժամանակ, այնպես էլ դրանից հետո նա չի պատասխանում հեռախոսազանգերին։ Ցանկանում էինք նաև հետաքրքրվել, թե հնարավոր է Մանե Գևորգյանը այժմ զբաղվի մոդելային կարիերայով, սակայն այս հարցը ևս անպատասխան մնաց։

Հիշեցնենք, որ Գևորգյանը մի առիթով հպարտացել էր իր մոդելային արտաքինով՝ նշելով. «Ես իսկապես նման եմ մոդելի, բայց դա ինձ չի դարձնում պակաս ինտելեկտուալ»։

Ի դեպ, այժմ լուրեր են շրջանառվում, որ վարչապետի խոսնակ կարող է նշանակվել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։ Վերջինս ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ նման խոսակցություն անգամ չկա։

Լավատեղյակ աղբյուրները նշում են, որ վարչապետի խոսնակի թեկնածու դեռ չկա, գործադիրում փնտրտուքների մեջ են։

Նիկոլ Փաշինյանը հավակնում է դառնալ ամենաշատ խոսնակներ փոխած վարչապետը։ Իր պաշտոնավարման երեք տարում նա երեք խոսնակ է փոխել՝ Արման Եղոյան, Վլադիմիր Կարապետյան և Մանե Գևորգյան, մինչ այդ ևս բազմաթիվ խոսնակներ է ունեցել։

Հանուն արդարության, խոսնակների փոփոխությունը չի ազդել վարչապետի աշխատանքների լավ լուսաբանման վրա, այս ընթացքում պարբերաբար բազմաթիվ «կիքսեր» են եղել, որոնց համար տարբեր մարդիկ պատժվել են։