Մանե Գևորգյանն այլևս ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը չէ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն, իր դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին նա համապատասխան գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Սիրելի ընկերներ, դիմումիս համաձայն ազատվել եմ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից։ Շնորհակալ եմ վարչապետին, կառավարության աշխատակազմին համատեղ աշխատանքի համար։ Վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները կատարելու ընթացքը լի էր Հայաստանին բաժին հասած դժվարություններով, չնայած ամենին՝ փորձել եմ հավատարիմ մնալ այն արժեքներին, որոնք դրվել էին 2018-ի հեղափոխության հիմքում։ Ներողություն եմ հայցում բոլոր նրանցից, որոնց հույսերը չեմ արդարացրել այս պաշտոնում։ Շնորհակալ եմ նաև լրագրողներին՝ արդյունավետ համագործակցության համար»,- նշել է նա։

ՀՀ կառավարության e-gov.am կայքում հրապարակվել է նաև Մանե Գևորգյանին պաշտոնից ազատելու մասին վարչապետի որոշումը։

Մանե Գևորգյանը վարչապետի մամուլի քարտուղար էր նշանակվել 2020 թվականի մարտի 2-ին։