Ամուսնուս ասում եմ՝ քեզնից մեծ էի, 2 երեխա ունեի, ինչի՞ կպար ինձ ու մնացիր. Ջուլիետա Ստեփանյանը՝ ընտանեկան երջանկության ու իր ամենամեծ դժբախտության մասին

Bravo.am-ը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհու հետ ծավալուն հարցազրույց է պատրաստել, որը ներկայացնում ենք կրճատումներով։

— Ո՞րն է պատճառը, որ մեզ մոտ պրոֆեսիոնալիզմի պակաս կա, եւ խնդիրը միշտ չէ, որ ֆինանսական է:

— Սերիալների դեպքում, իհարկե, ֆինանսական է: Ես սիրում եմ սերիալներում նկարվել, որովհետեւ դա էլ է իմ գործը՝ կերպարից կերպար անցնել: Խնդիրն այն է, որ չունենք սերիալների կրթված ռեժիսորներ. օպերատորներն են ամեն ինչով զբաղվում: Նրանք նկարե՞ն, բեմադրե՞ն, թե՞ դերասանին ցուցումներ տան: Եթե ռեժիսորներին արտերկիր ուղարկեն վերապատրաստման, մեր սերիալներն այլ որակի կլինեն: Սցենարն ու ընտրված դերասաններն էլ կարեւոր են: 15 տարի է՝ սերիալներում եմ աշխատում ու զարմանում եմ, թե ինչպես են դերասաններին ընտրում: Օպերատորներին շատ հարգում եմ, բայց ախր ինչպե՞ս է կարելի փողոցից տարբեր մարդկանց բերել, որ խաղան: Այդ դեպքում իմ մակարդակն էլ է ընկնում: Անկախ խաղացած դերից՝ ոստիկան, դատավոր, թե բժիշկ, բոլորը միայն արտասանում են: Կա՛մ հիվանդանոցում են գործողություններն ընթանում, կա՛մ գերեզմանատանը: Մոնոտոն զրուցում են, դրա համար էլ մեր սերիալները վատն են: Ամեն սերիալի համար ընդամենը 2-3 պրոֆեսիոնալ դերասան են ընտրում: Որեւէ մեկին չեմ ուզում վիրավորել, բայց յուրաքանչյուրն իր գործով պետք է զբաղվի:

— Շատ անկեղծ եք խոսում, այդ որակը չի՞ խանգարում Ձեզ:

— Երբ որեւէ բան շատ եմ հավանում՝ ներկայացում, երգ կամ պար, ոչ թե ասում եմ, այլ գլխիս վրա եմ դնում. այնքան եմ մեծարում, իրենք էլ են զարմանում: Եթե իսկապես լավն է, ո՞նց կարող եմ այդ մասին չասել:

— Վերջին շրջանում ի՞նչն եք Ձեր նկարագրածի պես այդքան շատ հավանել:

— Լիլի Էլբակյանի բեմադրած «Դեկամերոնը»: Ինչպե՞ս կարելի է նման արտակարգ աշխատանքը չհավանել, ինքն էլ խաղում է: Բեմադրությունն ինձ հիացրել է, չտեսնված է ստացվել: Լիլին այնքան տաղանդավոր է, չգիտեմ՝ ինչ բառեր գտնեմ, որ նկարագրեմ: Նրան էլ ասել եմ, որ իր ծնողների կատարելագործված տեսակն է: Զարմանալի է, թե այդքան նրբություն, շնորհք ու ճաշակ այդ փոքր մարմնի մեջ որտեղից է: Տաղանդի առաջ ես հանձնվում եմ: Չեմ հավատում, որ սերիալներում մակարդակով եմ խաղում. իմ ամենամեծ քննադատն եմ, բայց թատրոնում, եթե կոպեկ էլ չստանամ, հաճույքով կգնամ ու կաշխատեմ, այնտեղ շատ խիստ եմ իմ նկատմամբ:

— Ձեր մանկությունը Գյումրիում է անցել, ու Դուք շատ անհնազանդ երեխա եք եղել: Կպատմե՞ք այդ տարիներից:

— Ես 8 երեխաներից ամենափոքրն եմ: Մայրս 14 երեխա է ունեցել, որոնցից 9-ն են ապրել, մեծ քույրս 27 տարեկանում է մահացել: Միշտ ինքնուրույն եմ եղել ու իմ ուզածն արել: Տանն ինձ շատ են պատժել, բայց միեւնույն է՝ չեմ փոխվել: Մեր ընտանիքում ընդունված չէր, որ աղջիկները բակում խաղան, եթե ճաշի ժամին հայրս գար ու տեսներ՝ քույրերս տանը չեն, կկոտորեր, իսկ ես չէի ենթարկվում: Հայրս ասում էր՝ «Լավ, էս լակոտին ես ի՞նչ անեմ»:

-Ի՞նչ ներկայացում էր, որ առաջին անգամ բեմադրեցիք ու ինքներդ էլ խաղացիք:

— «Խորթ մայրն» էր, 6-րդ դասարանում էի սովորում այդ ժամանակ, բակի երեխաներով էլ խաղացինք: Այն ժամանակ ամեն ինչ այնքան ուրիշ էր. հարեւաններով հավաքում էին մեր թաղում ու դիտում ներկայացումները: 10 կոպեկ էի հավաքում ամեն մեկից ու գումարը բաժանում դերասաններին, որ պաղպաղակ առնենք:

— Իսկ արդեն որպես պրոֆեսիոնալ դերասանուհի ո՞րն էր Ձեր առաջին դերը:

-Արցախի թատրոնում էր, որտեղ հայտնվել էի ինստիտուտից հետո: 1974 թվականն էր, այն ժամանակ Արցախի տեղը քչերը գիտեին: Ամուսինս ռեժիսոր էր, նրան հրավիրեցին, ես էլ հետը գնացի: Շատ ռիսկային էր այնտեղ տեղափոխվելը, բայց ես ամբողջ կյանում եմ այդպես ապրել: Այնպիսի բաներ եմ արել, որ հիմա ծեծեն էլ, չեմ փորձի: Ստեփանակերտը շատ հեռու էր, բայց հիացրեց ինձ, փոքրիկ Շվեյցարիան էր: Այնտեղ էլ երկրորդ դուստրս ծնվեց, ես ու ամուսինս բաժանվեցինք, բայց մնացի ու 17 տարի ապրեցի այնտեղ:

— Հենց Ստեփանակերտում էլ ծանոթացաք Սամվել Բաղինյանի հետ: Ինչպե՞ս նա գրավեց Ձեր սիրտը, գիտեմ, որ սիրո յուրահատուկ պատմություն ունեք:

— Երիտասարդ դերասաններ էին եկել Ստեփանակերտ, որոնց հետ շատ կապվեցինք: Բոլորը հավաքվում էին մեր տանը, ինձ շատ էին օգնում ու պահում երեխաներին, քանի որ ես թատրոնում ամեն օր շատ զբաղված էի լինում: Այնտեղ ասես թագուհի լինեի: Նախ դերերով սիրահարվեցինք, ջահել էինք ու նման կերպարներ էին մեզ բաժին ընկնում: «Ծառերը կանգնած են մահանում» ենք միասին խաղացել: Հետո էլ կյանքում սիրահարվեցինք, բայց չէի ուզում ամուսնանալ: Չէի կարող չամուսնացած տղայի հետ կյանքս կապել, որովհետեւ քույրս ու եղբայրս ասել էին՝ նման բան անելու դեպքում էլ Գյումրի ոտք չդնեմ:

— Իսկ շա՞տ էիք հավանում պարոն Բաղինյանին ու դժվա՞ր չէր մերժել նրան:

— Շա՜տ, ո՞վ նրան չէր հավանում այն ժամանակ: Հիմա էլ լավ արտաքին ունի, բայց երիտասարդ տարիքում սեւ գանգուր մազերով էր, նիհար եւ թիկնեղ: Այնքան գեղեցիկ տղա էր, աղջիկներն ինձնից էին թույլտվություն խնդրում նրա հետ հանդիպելու համար, նամակներ էին գրում: Թեեւ հավանում էի, բայց ամուսնանալու բացարձակ մտադրություն չունեի: Վերջն իր ընտանիքին նամակ գրեցի, որ գան տանեն, ու հրահանգեցի, որ թույլ չտան վերադառնա: Արձակուրդին զոռով ամուսնացրին, բայց միեւնույն է՝ նորից եկավ Ստեփանակերտ, հայտնեցի, որ նրան տեսնել չեմ ուզում, թեեւ սիրտս խփում էր(ծիծաղում է, -խմբ.): Արդյունքում բաժանվեց ու ծնողներին ասաց, որ առանց ինձ չի կարող ապրել, միասին մենք եւս մեկ աղջիկ ունեցանք ու տատիկի պատվին Արուսիկ անվանեցինք: Ավագ քույրիկները Շուշանիկն ու Սաթենիկն են, նրանք էլ տատիկների անունն են կրում:

— Բայց պատերազմ սկսվեց ու հեռացաք Ստեփանակերտից, հայտնվեցիք Վանաձորում, ապա՝ նաեւ Լեհաստանում: Այդ փոփոխություններն ի՞նչ բերեցին Ձեր կյանք:

— Վահե Շահվերդյանը մեզ հրավիրեց Վանաձոր, որտեղ մեզ տնակներ տվեցին, Սամվելը շատ լավ սարքեց. քչերից էինք, որ բաղնիք ունեինք, բոլոր դերասանները մեր տանն էին լողանում: Ծանր տարիներ էին, երեխաները փոքր էին, կոպեկ-կոպեկ հաց էինք առնում: Վանաձորում 2 տարի մնացինք: Վահեն «Աշնան արեւը» բեմադրեց, լավ գործեր արեց մեզ հետ, բայց կյանքը ստիպեց հեռանալ: Հյուրախաղերի ժամանակ լեհուհու հետ էի ծանոթացել, որի հետ կապը պահում էինք, մեզ նամակ գրեց ու նորից հրավիրեց իրենց մոտ: Լեհաստանում էլ հեշտ չէր, Սամվելը շինարարությունում էր աշխատում, ես՝ առեւտրով զբաղվում: Հեչ կապ չունեի այդ գործի հետ, բայց այնքան մասնագիտացա, որ վերջում էլ ինձ հասնող չկար (ծիծաղում է,- հեղ.):

— Իսկ ինչպիսի՞ն են Ձեր դերերն ու կա՞ մեկը, որ մի քիչ ավելի շատ է հոգեհարազատ Ձեզ:

— Նույնն է, որ հարցնեք, թե երեխաներից կամ թոռներից ո՞ր մեկին եմ ավելի շատ սիրում: Որն էլ խաղում եմ, իմն է դառնում: Անգամ Լեդի Մակբեթը, որն ինձ ընդհանրապես նման չէ, սիրեցի ու իմը դարձրի: Մեծամտություն չթվա, բայց սովորաբար հրաժարվում եմ փոքր դերերից՝ քիչ գործողությամբ ու ասելիքով, որովհետեւ դրանց մեջ չեմ տեղավորվում: Իմ մասշտաբներն ու ցանկությունները լայն են: Որտեղ էլ տուն եմ ունեցել, շատ կահույք չի եղել, սիրում եմ ազատություն, որ լավ շարժվեմ, այլապես կխեղդվեմ:

— Տիկին Ջուլիետա, Ձեր 70-ամյակն եք նշելու, ինչպիսի՞ տարիներ էին դրանք:

— Անփոխարինելի, բոլորն էլ լեցուն են եղել, ոչ մի տարիք չեմ ուզում վերադառնալ, որովհետեւ լիարժեք եմ ապրել: Չեմ զգում, որ 70-ս է լրանալու: Բոլոր տարիներն իմ ուզածի պես եմ վայելել, ոչ կախման մեջ եմ գցել, ոչ էլ ինքս եմ կախված եղել որեւէ մեկից: Ինչպես ուզել եմ կյանքս դասավորել, այդպես էլ արել եմ: Փոքր տարիքից ինքնուրույն եմ եղել, սիրել եմ ինձ ու ընկերությունս ինձ հետ: Ինձ շատ լավ եմ ճանաչում ու միշտ հաշտ եմ ապրել, ստիպված ոչինչ չեմ արել:

— Ո՞րն է 70-ի առավելությունը, որը չի լինում օրինակ՝ 20 կամ 30 տարեկանում:

— Համարձակությունը: Այն ժամանակ գործողություններիս մեջ եմ համարձակ եղել, բայց խոսքի մեջ՝ զգույշ ու զուսպ, հիմա հակառակն է: Գործողություններս թուլացել են, փոխարենը խոսքս է ուժ ստացել:

— Ինչպիսի՞ գործողություններ նկատի ունեք:

— Եթե կարեւոր հարց պետք է լուծեի, որով միայն բարձր ատյաններն էին զբաղվում, ուղիղ հենց այնտեղ էի գնում, որտեղ ձուկը գլխից են բռնում: Ասել եմ այն, ինչ մտածել եմ ու միշտ հասել հաջողության: Մայրությունն էլ ինձ չի փոխել, միշտ եմ շատ ռիսկային եղել: Հիմա ջահելության չարաճճիությունները վերածվել են հումորի, դա էլ իր հմայքն ունի:

— Դուք համարձակ եք ու հաճախ ասում եք հենց այն, ինչ մտածում եք: Այդ որակը չի՞ խանգարում Ձեզ կյանքում:

-Ինչո՞ւ են թատրոնում ինձ սիրում, որովհետեւ չեմ կարող նստել գրիմ անել ու լսել, թե ինչպես են որեւէ մեկից խոսում. նման բան թույլ չեմ տալիս: Եթե ասելիք ունեմ, միանգամից տվյալ մարդուն եմ ասում, ոչինչ, եթե նեղանում են, բայց հետո հասկանում են, որ ինձ հետ կռիվ էլ կարող են գնալ: Եթե մի տեղ աշխատում ես ու հաց ուտում, պետք է մաքուր պահես քեզ: Ես չեմ էլ համարում, որ գովելի տեսակ եմ, այդպես էլ պետք է լինի: Սամվելին էլ ասում եմ՝ զարմանում եմ, թե ինչպես ինձ ընտրեցիր, 4 տարով ինձից փոքր ես, 2 երեխա ունեի, դու ինչի՞ կպար ինձ ու մնացիր: Հայելու մեջ նայում եմ ու ասում՝ հիմար է այս տղան, ես ճաշակ ունեմ, ինքը՝ ոչ:

— Թվում է՝ անհնար է Ձեզ վատ տրամադրությամբ տեսնել, ի՞նչն է Ձեզ տխրեցնում:

— Իմ դժբախտությունը դստերս հիվանդությունն է, բայց այդ մասին չեմ սիրում խոսել, իսկ տխրում եմ մեր ազգի վիճակից: Բոլորիս մեջ վախ կա, պատերազմից ու այդքան զոհերից հետո տրամադրություն չունենք: Միշտ հարեւաններով հավաքվում էինք, լոտո խաղում, ուրախ պատմություններ պատմում եւ ծիծաղում, հիմա էլ չենք կարողանում: Այս տխրությունը թեւերը թուլացնում է: Դրան էլ գումարվեց կորոնավիրուսը: Անընդհատ ահ ու սարսափ կա մեջներս:

— 2022 թվականն ինչպիսի՞ն է լինելու ստեղծագործական առումով:

-Այլեւս գուշակել չեմ կարող, առաջ ասում էի՝ շատ լավ տարի է սպասվում, այ կտեսնեք: Եթե ամեն ինչ լավ լինի, շարունակելու ենք «Մանյունյան» նկարել, այլ նախագծեր էլ կան:

— 70-ամյակի հետ կապված ի՞նչ պլաններ ունեք, նշելո՞ւ եք:

— Ընկերներս, բարեկամներն ու գործընկերները, բոլորը պատրաստվում էին մեծ տոնախմբություն կազմակերպել, բայց 2020-ից ու այդքան կորուստներից հետո ինքս չեմ ուզում: Ընտանեկան փոքրիկ հավաքույթ կլինի: Այլ կերպ էինք պլանավորել ամեն ինչ, բայց չենք նշի:

— Տիկին Ջուլիետա, կիսվեք ընտանեկան երջանկության գաղտնիքով:

-Սերն է ամեն ինչի հիմքում, մեր նվիրվածությունն իրար, ընտանիքին, երեխաներին ու թոռներին: Ամուսնուս հետ ընկերներ ենք ու կարող ենք բոլոր թեմաներից ազատ խոսել:

— Ձեր սիրելի հայ դերասաններից ո՞ւմ կնշեք, որոնցից սովորել եք նաեւ:

— Այնքան շատ են՝ մեր Խորեն Աբրահամյանը, Ֆրունզիկ Մկրտչյանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Ավետ Ավետիսյանը, Բաբկեն Ներսիսյանը, Սոս Սարգսյանը: Բոլորն էլ եղել են թատրոնի սյուներ:

— Որո՞նք են Ձեր սիրելի ֆիլմերը:

— Սիրում եմ Ալ Պաչինոյի մասնակցությամբ բոլոր ֆիլմերը: Ես նրանից շատ բան եմ գողանում ու սովորում:

— Իսկ կին դերասաններից ովքե՞ր են առանձնանում Ձեզ համար:

— Աննա Մանյանիի համար գժվում եմ, դրանում ոչ մի խոսք: Ալիսա Ֆրեդլիխին եմ հավանում, Ֆաինա Ռանեւսկայային, որին, չգիտեմ՝ ինչու, ինձ նմանեցնում են: Բայի դերի համար ինձ հաստատելիս ասել են, որ ես հայկական Ռանեւսկայան եմ, ու դա ինձ շատ է շոյել:

-Ձեր կերպարներից որի՞ն եք դժվարությամբ բաց թողել:

-Երեւի «Աշնան արեւի» Աղունին:

-Իսկ հայելին Ձեր ընկե՞րն է, թե՞ հակառակը:

-Իմ ամենամեծ ընկերն է, միշտ հայելու միջոցով եմ խոսել ինձ հետ: Դո՞ւք որտեղից իմացաք, որ այդ հարցը տվեցիք: Բոլորին միշտ ասում եմ՝ եթե ուզում եք ճշմարտությունն իմանալ ձեր մասին, խոսեք հայելու հետ: Ես հայելու հետ մեծացա, փոքր տարիքից եմ այդպիսին եղել: Ճիշտն ու սխալն այդպես եմ զգում:

-Ամենաշատն ի՞նչ եք ուզում հիմա:

-Խաղալ ու մարմնավորել իմ ուզած կերպարները, ինչը երբեք չի լինում: