Ունեցել ենք դեպքեր, որ պատվաստված լինելու պարագայում էլ մարդիկ մահացել են Covid-ից. նախարարը մանրամասներ է հայտնել

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկատվություն կհրապարակի նաև այն դեպքերի մասին, երբ մարդիկ մահացել են COVID-19-ի դեմ պատվաստված լինելու պարագայում։ Այդ մասին ԱԺ-ում հայտարարել է գերատեսչության ղեկավար Անահիտ Ավանեսյանը։

«Առաջիկա շաբաթվա ընթացքում, ամփոփելով և համադրելով այս ընթացքում իրականացված պատվաստումների և մահվան դեպքերի վիճակագրությունը, կտեղեկացնենք նաև այն դեպքերի մասին, երբ պատվաստված մարդիկ, ցավոք սրտի, մահացել են կորոնավիրուսից: Պետք է գիտակցենք, որ պատվաստումները արդյունավետ միջոց են, սակայն չենք կարող բացառել վարակվելու հնարավորությունը, հիվանդության ծանր ընթացքը ու նաև մահը»,- ասել է նախարարը։

Նա նկատել է, որ այլ երկրների փորձն ապացուցում է, որ պատվաստված անձինք 98-99 տոկոսով հիվանդությունն անցնում են թեթև, միջին ծանրությամբ: Շատերը չեն էլ զգում, որ վարակվել են, որովհետև պատվաստված են: Սակայն, փաստել է նախարարը, լինում են նաև մահացության դեպքեր: Այնուհանդերձ, ըստ նախարարի, այդ հանգամանքը որևէ ձևով չպետք է ստվերի պատվաստումների արդյունավետությունը: «Այո, պատվաստումներն էլ, ինչպես ցանկացած դեղամիջոց, բժշկական միջամտություն, ունեն արդյունավետության աստիճան, և որևէ բան չի կարող 100-տոկոսանոց երաշխիք լինել»,- նշել է Ավանեսյանը:

Նախարարն անդրադարձել է նաև պատվաստման կեղծ հավաստագրեր ստանալու թեմային՝ նշելով, որ իրավապահ մարմինները խստորեն և շարունակաբար պետք է զբաղվեն այդ հարցով: