Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսից հղի կնոջ մահվան հերթական դեպքը

Կորոնավիրուսի պատճառով մայրանալու պատրաստվող ևս մեկ կնոջ մահվան դեպք է գրանցվել Հայաստանում։

Այդ մասին ԱԺ առողջապահության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Երեկ գրանցվել է վարակման 810 դեպք, ընդհանուր առմամբ իրականացվել է 6220 թեստավորում, ունեցել ենք 30 մահ: Ցավով պետք է նշեմ, որ այս գիշեր ունեցել ենք նաև հղի կնոջ մահ՝ կորոնավիրուսով պայմանավորված»,- նշել է նախարարը:

Նա ընդգծել է, որ ի տարբերություն նախորդ տարվա ընթացքում շրջանառվող շտամերի «դելտա» շտամը դրսևորվում է բավականին ագրեսիվ ընթացքով: Դրանով վարակվելիս հղիներն ավելի մեծ վտանգի են ենթարկվում։ Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ հիմա ավելի քան 100 հղի կին է վարակված։ «Ժամանակի ընթացքում անընդհատ մոտավորապես այդ ցուցանիշն է պահպանվում։ Նրանց գրեթե կեսի մոտ հիվանդությունն ուղեկցվում է տարբեր աստիճանի ծանրության թոքաբորբով։ Մեր բժիշկները ձեռնարկում են հնարավոր բոլոր միջոցները, որպեսզի լավագույն բժշկական օգնությունը ցուցաբերեն նրանց տրամադրելու համար»,- ասել է նա։

Նախարարը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ երկրում համաճարակային իրավիճակը մնում է լարված: Նա մանրամասնել է, որ անցած երկու շաբաթներին դպրոցական արձակուրդները և բուհերում դասերի առցանց անցկացումը որոշակի դրական միտում են ապահովել՝ հնարավորություն տալով գեթ որոշակի կայունություն պահպանել։ Նշվել է, որ վերջին շաբաթվա ընթացքում նկատվել է դիմակներ կրելու ռեժիմի խստացում, սակայն իրավիճակը միևնույն է հեռու է ակնկալվողից։ «Հիվանդանալուց և մահվան դեպքերից խուսափելուց հնարավոր է միայն պատվաստումների շնորհիվ»,- եզրափակել է նախարարը։