Ո՞վ եւ ինչո՞ւ է տարածել Դիանա Մարտիրոսյանի՝ երեք ադրբեջանցու ծեծելու մասին լուրը

Ռուսաստանաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է, որ ռուսաստանցի մարզուհի Դիանա Մարտիրոսյանի՝ երեք ադրբեջանցու ծեծի ենթարկելու լուրը ապատեղեկատվություն է։

Հովսեփյանը նշել է, որ երբ փորձել է գտնել այդ նորության սկզբնաղբյուրը, դուրս է եկել ոչ լուրջ անվանումներով ու բլոգային բնույթի այսպես կոչված «սունկ» կայքերի վրա։ «Perfect TV կոնտինգենտի համար նախատեսված կայք էր, ինչն արդեն կասկածելի էր։ Բացի այդ, եթե նմանատիպ բան եղած լիներ՝ մենք կիմանայինք։ Կապ հաստատեցի Մոսկվայի ոստիկանության հետ, ինչպես նաև միջէթնիկական բախումների դեպարտամենտի հետ, որոնք հերքեցին այդ տեղեկատվությունը։ Դրանից հետո փորձեցի պարզել, թե որտեղից է այդ լուրը տարածվել»,- պատմել է Հովսեփյանը։

Նա զարմանքով է հայտնաբերել, որ բավականին շատ լուրջ փորձագետներ, հղում անելով ոմն Սամվել Հայրապետյանի գրառմանը, սկսել են տարածել տեղեկությունը՝ վստահ լինելով, որ դա իրականություն է։

«Ոմն Սամվել Հայրապետյան շատ երկար-բարակ գրել էր, որ պարզվում է՝ այդ Դիանա Մարտիրոսյանի հորեղբոր տղայի հետ ինքը կապ ունի, իր մանկության ընկերն է։ Այսինքն՝ հորինված Դիանայի հորինված հորեղբոր տղայի հետ ինքն իբր թե կապվել էր, խոսել էին, հայությանը նորից տրոլլինգ անելու նպատակով գրված էր, որ Դիաննան հաշիվները սառեցրել էր, որպեսզի աղջկա համար խնդիրներ չառաջանան՝ այս միջադեպի շուրջ քննարկումները դադարեցնենք և այլն։ Այսինքն, իրենք հասկացել էին, որ այդ ապատեղեկատվությունը կայծակնային արագությամբ տարածվել է ու սրա վերջը կամ բացահայտումն է կամ ինչ-որ տեղ սառեցումը՝ արդեն այս Սամվել Հայրապետյանը խնդրում էր, որ սառեցվեր այս իրավիճակը»,-ասել է Հովսեփյանը։

Նա նշել է նաև, որ անձամբ է գտել Սամվել Հայրապետյանին։ Վերջինս մասնագիտությամբ ծրագրավորող է։ «Ավելի ուշ պարզվեց, որ այդ մարդը մի շարք անհայտ ծագումնաբանությամբ կայքեր է բացում, ֆեյք նյուզեր է տեղադրում, դրանք օգտագործում են, հետո փակում են և այլն։ Ինչու միանգամից Դիանայի մասին այս նյութին չանդրադարձա, որովհետև մտածեցի պատերազմից հետո մարդիկ մի քիչ կոտրված են, բավականին դուխ ստացան, ոգևորվեցին՝ թողնենք թող ուրախանան սկզբունքով։

 

Բայց ինչ-որ եղավ հետո՝ ավելի տխուր էր։ Սրանից մի քանի օր առաջ նույն կայքերով, նույն այդ մարդու կողմից տարածվել էր տեղեկություն, թե իբր երկու հայեր Մոսկվայում ծեծի են ենթարկվել Ռամիլ Սաֆարովին։ Այն դեպքում, երբ Սաֆարովի մուտքը Ռուսաստան արգելված է։ Ընդ որում Սամվել Հայրապետյանը մեկ այլ անձի հետ զրույցում հաստատել է, որ ինքն է եղել այդ ֆեյք-նյուզի տարածողը։ Կարծում եմ, որ այդ երիտասարդը ինչ-որ տեղից հրահանգ է ստանում՝ գրավելու համար Ռուսաստանի, Մոսկվայի հայության աուդիտորիան ու հետագայում այդ մարդկանց հիմար տեղեկություններով կերակրելու համար։ Շատ գրագետ ինքը օգտագործում էր այդ ինֆորմացիան։ Ես իր հետ կապ հաստատեցի, ինքն ինձ համոզում էր, որ թե Դիանան, թե իր հորեղբայրը գոյություն ունեն և ինքը խոսել է իրենց հետ, հրաժարվել է նրանց հետ կապվելու հնարավորություն տալ»,- ասել է Մարիամ Հովսեփյանը։

Քաղաքագետը շեշտել է, որ Հայրապետյանի կողմից առաջարկ է հնչել միանալ իրենց PR ակցիային, որի մերժումից հետո հեռացրել է Դիանայի այսպես կոչված հորեղբոր հետ իր զրույցի մասին՝ արդեն Մարիամ Հովսեփյանին ուղղված գրառումը և անցել նրա հետ անձնական վիճաբանության։ «Գտնում եմ, որ սրա պատվերը Բաքվից է եկել։ Վստահ չեմ, որ ուղիղ է, թե ինչ-որ միջնորդներով է, բայց այնտեղից է հաստատ։ Նպատակը հայկական մեդիան արժեզրկելն ու որակազրկելն է, որովհետև գրեթե բոլոր կայքերը կիսվում են այդ ապատեղեկատվությամբ, փորձագիտական շրջանները, կիսվելով այդ նորությամբ, իրենց որակազրկել են, ինչի հետևանքով Ադրբեջանում դարձել ենք ծիծաղի առարկա, որովհետև ծաղրում են, որ բոլոր հայերը ֆեյքի զոհ են դարձել ու հետագայում իրենց քայլերը ձեռնարկելուց սա հաշվի են առնելու»,- նշել է Հովսեփյանը։

Նա հավելել է, որ նման ֆեյք նյուզերը Ռուսաստանում կարող են հայերի ու ադրբեջանցիների միջև բախումների պատճառ դառնալ ու սա հերթական ծիրանային պատերազմը հրահրելու փորձ էր։ «Կարծում եմ, որ Մոսկվայում ևս մեկ ծիրանային պատերազմ են հրահրում՝ դրանով իսկ թերևս մեկ անգամ դիսկրեդիտացնելու համար տեղի հայկական համայնքային կառույցը։ Ինչևէ, իմ խնդիրը ոչ թե իրենց պաշտպանելն է, ոչ՝ բոլորովին, պարզապես ես հասկանում եմ սրա հետևանքները և այն, ինչը կարող է նորից դառնալ այն շրջանը, որ մենք ծիրանային պատերազմի ժամանակ ապրել ենք ու դուրս ենք եկել այդ շրջանից։ Մենք չենք ուզում դա կրկնվի Մոսկվայում, իսկ Հայաստանից դա անում են, որպեսզի Ռուսաստանի համայնքը կառավարելի դարձնեն այն օղակներից, որտեղից որ այդ երիտասարդը պատվերը ստանում է։ Եվս մի քանի այդպիսի ապատեղեկատվություն և Մոսկվայի հայության մի ստվար զնագված կլինի վերջինիս բացած կայքերի ու նրա հորինած նյուզերի հետևորդը ու հետագայում ցանկացած պրոպագանդա կկերակրի այդ մարդկանց։ Դեռ երեկոյան կարծում էի, որ սա ընդդիմության ձեռքի գործն է, բայց ավելի ուշ արդեն կասկածներս գնում են դեպի իշխանության կողմը՝ համայնքների հարցերով զբաղվող մարդկանց կողմ։ Ես չեմ պնդում, որ Սամվել Հայրապետյանը կարող է լինել հենց այս օֆիսների հիմնադիրը, բայց ինչ-որ մի իշխանավորի սպասարկող անձ է միանշանակ՝ դրա համար ավելի շատ երկրորդ տարբերակին եմ հակված։ Չեմ բացառում իհարկե ընդդիմության ներգրավված լինելու հավանականությունը, բայց թե ընդդիմությանը, թե իշխանություններին կոչ եմ անում սահման ունենալ ու ամեն ինչում չի, որ պետք է դիվիդենտներ հավաքել»,- նշել է Հովսեփյանը։

Քաղաքական մեկնաբանը շեշտել է, որ այդ պատճառով կարող են բախումներ լինել։ «Միշտ ներկայացրել ենք, որ բախումների հրահրողը միայն ադրբեջանցիներն են ու իրենք են միշտ խախտում Ռուսաստանի օրենքը և անդորրը։ Այնինչ Դիանա Մարտիրոսյանի մասին ֆեյք նյուզով հրահրում ենք բախում, նոր ծիրանային պատերազմ և հերթական փորձ՝ համայնքային առանց այդ էլ քաոսային վիճակն ավելի քաոսային դարձնելու միջոց։ Ինչպես ասվում է՝ բաժանիր, որ տիրես սկզբունքով են աշխատում»,- շեշտել է Հովսեփյանը։