15 մարդ է հոսպիտալացվել Երևանի հայտնի պիցցերիաներից մեկն այցելելուց հետո

Արտակարգ դեպք է գրանցվել Երևանում. աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ Ինֆեկցիոն ազգային կենտրոն է ընդունվել պիցցերիա այցելած 15 քաղաքացի։

ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ը տեղեկացնում է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին։ ՀՀ ՍԱՏՄ՝ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժինը մանրամասնել է, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացիներից երկուսը 10 և 13 տարեկան երեխաներ են։ Բոլոր քաղաքացիները նշել են, որ սնվել են «Տաշիր պիցցա» հանրային սննդի կետում։ Նրանցից 13-ն այցելել են Հյուսիսային պողոտայի, իսկ 2-ը՝ Խանջյան փողոցի վրա գտնվող կետեր։ Հիվանդների վիճակը միջին ծանրության է։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն արդեն սկսել են վերահսկողական միջոցառումները հանրային սննդի նշված ցանցի երկու օբյեկտներում։ Նշվում է, որ վերահսկողության ընթացքի և արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։