Հայ բռնցքամարտիկը ջախջախեց ադրբեջանցուն. Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ գերծանր քաշային կարգում ներկայացված կլինի աշխարհի առաջնության եզրափակչում

24-ամյա գյումրեցի Դավիթ Չալոյանը հերթական տպավորիչ հաղթանակը տանելով Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում՝ անցավ եզրափակիչ և վաղը կվիճարկի չեմպիոնի կոչումը։ Գերծանր քաշային կարգում Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ է ներկայացված լինելու համաշխարհային ստուգատեսի եզրափակչում։

Հայ դյուցազունը 92 կգ-ից բարձր քաշային կարգի կիսաեզրափակչում 5։0 հաշվով պարտության մատնեց երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից ադրբեջանցի Մուխամադ Աբդուլաևին։ Նոյեմբերի 5-ին կայանալիք վճռական մենամարտում Չալոյանը հանդիպելու է 22-ամյա ռուսաստանցի Մարկ Պետրովսկուն, որն իր հերթին կիսաեզրափակիչ փուլում առավելության հասավ տրինիդադցի Նայջել Փոլի նկատմամբ։ Դա լինելու է երկու բռնցքամարտիկների անդրանիկ մրցավեճը նրանց կարիերայում։

Նախորդ փուլերում Չալոյանը պարտության է մատնել աշխարհի եռակի չեմպիոն, ուկրաինացի Ցոտնե Ռոգավային, կոլումբիացի Քրիստիան Գոդացի Սալգեդոյին և ուզբեկ Լազիզբեկ Մուլաժոնովին։

Վերջին անգամ Հայաստանը բռնցքամարտի աշխարհի առաջնության եզրափակչի մասնակից էր ունեցել 2009 թվականին։ Այն ժամանակ մինչև 75 կգ քաշային կարգում արծաթե մեդալ էր նվաճել Անդրանիկ Հակոբյանը։

Ընթացիկ մրցաշրջանում հայ բռնցքամարտիկները խոշոր մրցումներում արդեն 4-րդ հաղթանակը տարան ադրբեջանցիների նկատմամբ։ Տոկիոյի Օլիմպիական խաղերում մեկ այլ գյումրեցի՝ Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) հաղթել էր Ջավիդ Չալաբիևին, իսկ այս առաջնությունում օրեր առաջ գերազանցել էր նաև Մալիկ Հասանովին։ Իսկ սեպտեմբերին Մոսկվայում անցկացված բանակայիների աշխարհի առաջնությունում 69 կգ քաշային Արմեն Մաշակարյանն էր ջախջախել Սարկխան Ալիևին։