Ալեն Սիմոնյանն ու իշխանական պատգամավորները հունական կղզում հանգստացել են հայտնի գործարարի հետ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, նրա կինն ու իշխող խմբակցության պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանը և Հրաչյա Հակոբյանը (վարչապետի աներորդին) «Վիվառո» բուքմեյքերական ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանի ընկերակցությամբ սեպտեմբերի սկզբին ժամանակ են անցկացրել հունական կղզիներից մեկում, գրում է «Հետք»-ը։

Նշվում է, որ խոսքը Էգեյան ծովում գտնվող Միկոնոս կղզու մասին է, որը մագնիսի պես ձգում է աշխարհի հայտնիներին ու հարուստներին: Հայաստանի օրենսդիրներ Ալեն Սիմոնյանը, Էդուարդ Աղաջանյանը ու Հրաչյա Հակոբյանը աստղեր չեն. պապարացիներն ու «շարքային» տուրիստները նրանց չեն լուսանկարում ծովափում կամ փողոցում, բայց նրանց նույնպես հայտնվեցին համացանցում:

Երբ օրեր անց ընդդիմադիր պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հարցրեց, թե Սիմոնյանը որքան գումար է ծախսել հունական կղզում՝ նշելով, որ, ըստ լուրերի, բուքմեյքերական գրասենյակներից մեկի ղեկավարն է հոգացել այդ հանգստի ծախսերը (նկատի ուներ Վիգեն Բադալյանին), ԱԺ խոսնակը պատասխանեց. «Ես իմ մասնավոր կյանքը, ստերն ու դեղին մամուլը չեմ մեկնաբանում»:

Սիմոնյանը, ով նախաձեռնեց եռակի բարձրացնել զրպարտության և վիրավորանքի համար դրամային փոխհատուցման չափերը, վերջին ամիսներին իր մասին քննադատական հրապարակումները ջանասիրաբար տեղավորում է դեղին մամուլի ու ստերի տիրույթում: Մեծ հաշվով, նրա իրավունքն է անձնական կյանքի վերաբերյալ հարցերին չպատասխանելը, բայց ցանկացած ժողովրդավար հասարակությունում հանրային ծառայողները խոշորացույցի տակ են, ինչը նորմալ է. նրանք աշխատավարձ են ստանում հանրության վճարած հարկերից գոյացող պետբյուջեից, հետևաբար պաշտոնյայի ծախսերի վերաբերյալ հանրային հետաքրքրությունն էլ հիմնավոր է ու տրամաբանական:

Սեպտեմբերի 6-9-ը Ալեն Սիմոնյանի գլխավորած ԱԺ պատվիրակությունը Վիեննայում մասնակցեց միջազգային երկու հավաքի: ՔՊ-ական պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանն ու Հրաչյա Հակոբյանը չեն եղել մասնակիցների թվում, բայց նրանք Սիմոնյանի հետ գտնվել են Միկոնոսում: ԱԺ նախագահը «Հետքին» հայտնել է, որ մինչև Վիեննա մեկնելը արձակուրդում չի եղել, սակայն սեպտեմբերի 6-ին «Ինստագրամ» սոցցանցի իր էջում նա Հունաստանից լուսանկար էր հրապարակել կնոջ՝ Մարիամ Մարգարյանի հետ՝ այն ուղեկցելով հետևյալ մեկնաբանությամբ. «3 օր հանգիստ, երեք տարի անց»:

«Հետք»-ը գրում է, որ Սիմոնյանն ու ընկերները Միկոնոսում եղել են սեպտեմբերի 6-ին նախորդող օրերին: Լրատվամիջոցի այն հարցին, թե որ օրերին է եղել կղզում, պաշտոնյան պատասխանել է. «Մասնավոր կյանքին առնչվող մեկնաբանություններ չեմ անում»։

Աղմկահարույց տեսանյութը, որում պարում են ԱԺ խոսնակն ու վարչապետի աներորդին, նկարահանվել է սեպտեմբերի 4-ին: Տեսանյութը մոնտաժված է, բայց դրա մի դրվագում տեսանելի է ամսաթիվը: «Հետքը» պարզել է, որ տեսանյութում Միկոնոսի հյուսիսում գտնվող Պանորմոս ծովածոցի «Պրինսիպոտե» ռեստորանն է, որն ունի նաեւ լողափ՝ իր հարմարություններով (ինստագրամյան իր էջում այդ լողափից լուսանկար է հրապարակել Սիմոնյանի կինը): Տեսանյութում պարելիս երևում են նաև ԱԺ նախագահի կինն ու «Վիվառո» բուքմեյքերական ընկերության հիմնադիրներից Վիգեն Բադալյանը։

Սեպտեմբերի 5-ին համացանցում տարածվեցին նաև լուսանկարներ, որոնցում պատկերված են կղզու ամենամեծ քաղաքի՝ Միկոնոսի «Void» գիշերային ակումբի մուտքի մոտ կանգնած Սիմոնյանը (հավանաբար, կնոջ հետ), Աղաջանյանը, Հակոբյանն ու Բադալյանը: Ակումբն առաջարկում է տարբեր հարմարություններ՝ բար և պարահրապարակ, առանձին սեղաններ, VIP սրահ՝ առանձին DJ-ով ու բարով: Ակումբի մուտքի գինը մեկ անձի համար 20-25 դոլար է, համերգներից շատերի համար վաճառվում են տոմսեր (30-35 դոլար), սակայն, կախված DJ-ի կամ կատարողի հայտնի լինելուց, այդ արժեքը բարձրանում է:

Ակումբում մեկ կոկտեյլի գինը 10-15 դոլար է, խմիչքի ամբողջ շշինը՝ 300-500 դոլար, կա նաեւ «bottle service», որը համարվում է ակումբի ծառայություններից օգտվելու և նախապես տեղ ամրագրելու լավագույն հնարավորությունը: Եթե սովորական այցելության դեպքում ակումբի հաճախորդները ծախսում են մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար դոլար, ապա «bottle service»-ի պարագայում ծախսերը բազմապատիկ ավելի են:

Թե որտեղ է ժամանակ անցկացրել ԱԺ նախագահը, ակամա օգնել են պարզել ինքն ու կինը՝ «Ինստագրամում» լուսանկարներ հրապարակելով կղզու տարբեր կետերից: Սիմոնյանի հրապարակած լուսանկարն արվել է Միկոնոսի հարավային Օրնոս ծովածոցի մոտ: Այնտեղից լուսանկարներ է տեղադրել նաև պաշտոնյայի կինը: Դրանց տեղորոշումը թույլ է տալիս ասել, որ ԱԺ խոսնակը ժամանակ է անցկացրել «Marriott» համաշխարհային ցանցի «Santa Marina» 5-աստղանի հանգստավայրում, որն Օրնոս ծոցի ափին առաջարկում է հյուրանոցային համարներ ու վիլլաներ, սպա կենտրոն, բարեր և ռեստորան, ընդհանուր լողավազան ու լողափ: Ալեն Սիմոնյանի կնոջ հրապարակած լուսանկարներն արվել են հյուրանոցային համարներից մեկի բացօթյա պատշգամբում եւ «Buddah-Bar»-ում: Վերջինս առաջարկում է ասիական խոհանոց և ծովամթերքներ: Օրինակ՝ սև խավիարի 28 գրամը 280 եվրո է, մեկ անձի համար ճաշի արժեքը՝ 107-150 եվրո:

Սիմոնյանը չի նշում, թե որ ավիաընկերության ինքնաթիռով է Երևանից մեկնել Միկոնոս, այնտեղից՝ Վիեննա, ապա վերադարձել Երևան: Չի պարզաբանում նաև, թե ինչ դասի տոմսով է ուղևորվել՝ էկոնո՞մ, թե՞ բիզնես: «Հունաստան, այնտեղից էլ Ավստրիա մեկնել եմ իմ անձնական միջոցներով: Վիեննայից Երևան եմ վերադարձել ՀՀ կառավարության 2005 թ. 2335-Ն որոշմամբ սահմանված կարգով»,- «Հետքին» հայտնել է պաշտոնյան։

Կառավարության այդ կարգը գործուղման մեկնած աշխատողների ծախսերի փոխհատուցման մասին է, այսինքն՝ ըստ Սիմոնյանի՝ միայն Վիեննայից իր վերադարձն է վճարվել պետբյուջեից:

Պաշտոնյան չի պատասխանել նաև այն հարցին, թե ովքեր են եղել սեպտեմբերի 5-ին Միկոնոսից Երևան ժամանած բիզնես դասի ինքնաթիռի ուղևորները. «Իմ և այլոց մասնավոր կյանքի վերաբերյալ տեղեկությունները չեմ մեկնաբանում»։

«Հետք»-ը նշում է, որ սեպտեմբերի 5-ին Միկոնոսի օդանավակայանից Երևանի «Զվարթնոց» է ժամանել Մալթայի «VistaJet» ավիաընկերության «Bombardier Challenger 850» ինքնաթիռը (մալթայական գրանցումը՝ 9H-ILV, ուղևորների առավելագույն քանակը՝ 14): Աերոտաքսու ծառայություններ մատուցող օդանավն այդ օրն առավոտյան գերմանական Բադեն-Բադենից թռել էր Միկոնոս, որտեղ հասնելուց մեկ ժամ անց ուղղություն էր վերցրել դեպի Երևան:

Հետաքրքիրն այն է, որ դա եղել է մալթայական ավիաընկերության ինքնաթիռ: «Վիվառոյի» հիմնադիր Վահե և Վիգեն Բադալյանները ոչ միայն տարբեր ընկերություններ են հիմնել Մալթայում, այլև 2016-ին այդ երկրի քաղաքացիություն են ստացել կատարած ներդրումների դիմաց: «Մեր 12-հոգանոց ընտանիքի համար Մալթայի տնտեսությունում կատարել ենք շուրջ 2 մլն եվրոյի ներդրում՝ քաղաքացիություն ստանալու համար»,- ժամանակին «Հետքին» հայտնել են Բադալյան եղբայրները: Իսկ թե ինչու հենց Մալթայում, պատասխանել են. «Մեր ընտանիքը որոշել է դառնալ Մալթայի քաղաքացի, որպեսզի չունենանք վիզայի խնդիր արտասահման մեկնելիս: Մեր ընտանիքի մի շարք անդամներ աշխատում են մեզ պատկանող «SoftConstruct» ընկերությունում, որը գրասենյակներ ունի աշխարհի 15 երկրներում և տարեկան մասնակցում է ավելի քան 90 միջազգային էքսպոների, ու մեր աշխատանքը պահանջում է հաճախակի բիզնես ուղևորություններ ամբողջ տարվա ընթացքում: Մալթայի քաղաքացիությունը մեզ հնարավորություն է տալիս 168 երկիր մուտք գործել առանց վիզայի»:

«VistaJet»-ի ծառայությունների արժեքը ֆիքսված չէ։ Ընկերությունն անհատական մոտեցում է ցուցաբերում իր հաճախորդներին։ Բացի դրանից՝ ուղևորություն պատվիրելիս/ամրագրելիս նա նախապատվությունը տալիս է թռիչքային իր ծրագրին անդամակցող հաճախորդներին՝ նաև հատուկ գներ առաջարկում նրանց։

Այսպիսով՝ սեպտեմբերի առաջին օրերին Ալեն Սիմոնյանը, նրա կինն ու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանն ու վարչապետի աներորդի Հրաչյա Հակոբյանը հունական Միկոնոսում ժամանակ են անցկացրել գործարար, Հայաստանի ու Մալթայի քաղաքացի Վիգեն Բադալյանի հետ: Այդ մասին են փաստում «Պրինսիպոտե» ռեստորանից տեսանյութն ու «Void» գիշերային ակումբի մուտքի մոտ արված լուսանկարները: Սեպտեմբերի 5-ին մալթայական ավիաընկերության բիզնես դասի ինքնաթիռը Միկոնոսից ուղևորներ է բերել Երևան: ԱԺ նախագահը չի հերքել, որ դրանում եղել են իր կինն ու երկու պատգամավորները:

2019-ին այն ժամանակ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց մի շարք լրացումներ կատարել «Վիճակախաղերի մասին» օրենքում, որոնցով, մասնավորապես, նախատեսվում էր թույլատրել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը միայն զբոսաշրջային բնակավայրերում՝ Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան և Մեղրի համայնքներում: Հետագայում սահմանվեց, որ յուրաքանչյուր կազմակերպիչ կարող է մեկական բուքմեյքերական գրասենյակ բացել մարզկենտրոններում, Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանում և վերը նշված քաղաքներում: Բայց ընդհանուր ընկալում կար, որ Սիմոնյանի այս նախաձեռնությունը բխում է «Վիվառոյի» շահերից, քանի որ օրինագծի ընդունումից և բուքմեյքերական բազմաթիվ գրասենյակների փակվելուց հետո սպասվում էր խաղադրույք կատարողների հոսք ինտերնետ տիրույթ, որտեղ Բադալյանների ընկերությունն առաջատար է:

«Մենք չենք կարող կազմակերպությանը մեղադրենք, որ ինքը շատ ավելի ճիշտ է իր գործունեությունը ծավալել, և այն պարագայում, երբ մենք խնդիր ենք տեսնում, սա կարգավորում ենք, ինքը շահեկան դիրքում է հայտնվում: Ինքը մեղավո՞ր է, որ ի սկզբանե իր գործը ճիշտ է կազմակերպել և ավելի շատ համացանցի վրա է իր շեշտադրումը կատարել»,- 2019 թվականին «Վիվառոյի» վերաբերյալ «Հետք»-ի հարցին պատասխանել էր Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ ճանաչում է թե՛ «Վիվառոյի», թե՛ դրա մրցակիցներից «Տոտոյի» սեփականատերերին:

Դիտարկմանն էլ, որ մարդիկ իշխանական պատգամավորի առաջարկած նախագծի հետևում հենց «Վիվառոյի» ականջներն են տեսնում, նա ասել էր. «Թող տեսնեն: Երբ ես պայքարում էի Բաղրամյան փողոցում կարկանդակի խանութի դեմ, այն ժամանակ էլ ասում էին, որ ես այնտեղ տարածք ունեմ, հիմա անընդհատ մի բան պետք է ասեն»: Ի վերջո, 2019-ի հոկտեմբերին ԱԺ-ն ընդունել էր նախագիծը։

Միկոնոսում անցկացրած հանգստի մասին հրաժարվել է մեկնաբանություն տալ նաև Նիկոլ Փաշինյանի աներորդին՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որը «Ժողովուրդ» օրաթերթին սեպտեմբերին հայտնել էր, որ ունի անձնական կյանքի իրավունք և կարող է չմեկնաբանել այն։ «Հետք»-ը գրավոր հարցեր էր ուղարկել Հակոբյանին ու Էդուարդ Աղաջանյանին, սակայն օրենսդիր մարմնի անդամները, խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, որևէ կերպ չեն պատասխանել հարցմանը։

Խորհրդարանի 3 անդամների՝ գործարար Վիգեն Բադալյանի հետ շքեղ ու թանկ ծառայություններով հայտնի հունական կղզում անցկացրած ժամանակը շարքային հարկատուին ստիպում է խիստ կասկածով նայել իշխանության ներկայացուցիչ պատգամավորների վարքագծին, որն այս պարագայում զերծ չէ շահերի բախում և կոռուպցիոն ռիսկ առաջացնելու հավանականությունից։ Ժամանակին Ալեն Սիմոնյանի հեղինակած օրինագիծն ու դրանից «Վիվառոյի» ստացած ենթադրյալ մեծ օգուտները և այդ ֆոնին իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների ու խոշոր բիզնեսմենի համատեղ ժամանցն առաջացնում են տրամաբանական հարցեր, որոնց իրենք՝ քաղաքացիների վճարած հարկերից աշխավատավարձ ստացող հանրային պաշտոնյաները, չեն պատասխանում՝ թաքնվելով «անձնական կյանքի» վահանի տակ, գրում է «Հետք»-ը։