«Վերջապես հասա տուն». Ինչո՞ւ էր 19 տարեկանում ԱՄՆ-ում ցմահ ազատազրկվել և ինչպե՞ս 39 տարի անց՝ ազատ արձակվեց ու վերադարձավ Հայաստան

«Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ Համբիկ Սասունյանն ազատ է արձակվել։

Դաշնակցությունը Սասունյանից հաղորդագրություն է հրապարակել, որտեղ նա հայտարարել է՝ արդեն ժամանել է Հայաստան։

«Մոտավորապես 40 տարի անց պատիվ ունեմ լինել հայրենի հողում, խմել հայրենիքի ջուրը, շնչել օդը», — ասել է Սասունյանը։

Նա նշել է, որ ազատազրկման ողջ ընթացքում զգացել է հայրենակիցների աջակցությունը, ինչն օգնել է իրեն դժվար պահերին։

«Վերջապես հասա տուն», — հայտարարել է Սասունյանը։

1982 թ. հունվարի 28-ին առավոտյան 9։40-ին 19-ամյա Համբիկը Լոս Անգելեսում, Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին։ Ձերբակալությունից հետո ԱՄՆ դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման։