Ադրբեջանում կտրուկ աճել է հայերեն սովորել ցանկացողների թիվը

Հայոց լեզվի նկատմամբ մեծ հետաքրքրություն է նկատվում Ադրբեջանում, հայտնում է «Sputnik Ադրբեջան»-ը։

Գնալով ավելի շատ քաղաքացիներ են ցանկանում հայերեն սովորել։ Դասընթացները կազմակերպվում են այդ երկրի համալսարանի Կովկասագիտության ամբիոնում, որի դասախոսներից մեկի հավաստմամբ՝ ցանկացողներն այնքան շատ են, որ երբեմն պարապմունքներն ուշ երեկոյան անցկացնելու կարիք է լինում։ Ավելի վաղ հայոց լեզվի դասընթացներ կազմակերպելու մասին հայտարարել էր Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանը։ Որպես կանոն դասընթացներին մասնակցում են Պետանվտանգության ծառայության, ԱԳՆ աշխատակիցները, սահմանապահները, լրագրողները և այլ մասնագիտությունների ներկայացուցիչներ։ Նպատակն է՝ օգնել ուսումնասիրողներին խորությամբ ծանոթանալ հայկական մամուլի հրապարակումներին և Հայաստանի ընթացիկ տնտեսական իրավիճակին։

Ադրբեջանցիները նույնիսկ պատրաստակամորեն վճարում են հայերեն սովորելու համար։ Ուսանողների համար դասընթացներն անվճար են, իսկ մյուսները ստիպված են վճարել ամսական 60-120 մանաթ (35-70 դոլար): Հետագայում նախատեսվում է նաև խոսակցական հայերենի դասընթացներ հիմնել և հրատարակել ադրբեջաներեն-հայերեն բառարան։