Ո՞րն էր Գինեսի ռեկորդների գրքի ստեղծման իրական նպատակը և ինչո՞ւ այն սկսեց ծառայել այլ նպատակի

Աշխարհահռչակ Գինեսի ռեկորդների գրքի ստեղծումը ի սկզբանե հետապնդել է ոչ այն նպատակը, որը հետագայում դարձել է նրա այցեքարտը։ Նման գիրք ստեղծելու մտահղացումն առաջացել է միանգամայն անսովոր պայմաններում, իսկ անվանումը բոլորովին կապ չունի ռեկորդների հետ։

Այսօր շատերն են տենչում, որ իրենց անսովոր նվաճումներն ու խենթություններն արտացոլվեն Գինեսի ռեկորդների գրքի էջերում։ Մինչդեռ ամեն ինչ սկսվել է անսովոր մի հրապուրանքից։ Գրքի ստեղծման գաղափարը պատկանում է իռլանդացի շարքային գործարար Հյու Բիվերին, որը որսի մեծ սիրահար էր։ Նա ընկերներին հայտարարել էր, որ անտառում իր գնդակից անընդհատ խուսափող ոսկեգույն թռչնակը Եվրոպայի ամենաարագ փետրավորն է։ Բրիտանական ավանդույթի համաձայն՝ կողմերն անմիջապես գրազի բռնվեցին։ Բիվերն այդպես էլ չկարողացավ որսալ իր երազանքի թռչնին՝ իր անհաջողությունը բացատրելով նրա յուրահատուկ արագությամբ:

Բիվերը տանուլ տվեց գրազը, սակայն հղացավ հանճարեղ մի միտք, որը ծնվեց 1951 թվականին։ Նա մտшծեց, որ հրшշшլի կլիներ ստեղծել մի գիրք, որը իռլանդական փաբերի այցելուների համար հեղինակավոր աղբյուր կդառնա տարբեր երևույթների և իրադարձությունների ռեկորդային բնույթի վեճերը պարզելու համար, կպարունակի տարբեր երկրների և վայրերի մասին ամենից հետաքրքիր հանրագիտարանային տվյալները։ Անհրաժեշտության դեպքում մարդիկ պարզապես կարող են վերցնել գիրքը և գտնել իրենց հուզող հարցի պատասխանը։ Իսկ անվանման շուրջ Բիվերը երկար չմտածեց՝ գրքի կազմին ընդամենը զետեղելով իրեն իսկ պատկանող գարեջրի գործարանների ցանցի ապրանքանիշը՝ «Գինես»։ Դա նաև անվճար գովազդի հիանալի հնարավորություն էր։

Գինեսի ռեկորդների գրքի առաջին տարբերակը հրատարակվեց 1955 թվականի օգոստոսի 27-ին։ Տեղեկությունների հավաքագրումն ու խմբագրական աշխատանքը կատարել էին Քրիս Չատեվեյը և Մաքուայրտեր եղբայրները։ Սկզբնական շրջանում գիրքն ուներ բավականին փոքր տպաքանակ և ներառում էր միայն ստուգված գիտական փաստեր, սակայն ժամանակի ընթացքում դրանում հայտնվեցին տարբեր մարդկանց տարօրինակ և արտասովոր նվաճումներ։ Գրքի հրատարակմամբ զբաղվող ընկերության ներկայացուցիչներն էլ հռչակելով Գինեսի ռեկորդների գրքի համաշխարհային օր (նոյեմբերի երրորդ շաբաթվա հինգշաբթին)՝ սկսեցին հրապուրել արտասովոր նվաճումների սիրահարներին։ Գրքի հանրահռչակմանը նպաստեց նաև դրա վերահրատարակումը ԱՄՆ-ում. հայտնվեցին մասսայական կուլտուրայի որոշակի ուղղվածություններ և ազգային ռեկորդներն ուսումնասիրող կազմակերպություններ։ Գրքի հրատարակիչները պնդում են, որ այն հեղինակային իրավունքով պաշտպանված բոլոր գրքերից ամենից շատ վաճառվողն է աշխարհում։ Անցած 66 տարիներին աշխարհում վաճառվել է գրքի շուրջ 23,9 միլիոն օրինակ: Բացի այդ, Գինեսի ռեկորդների գիրքը ռեկորդ է սահմանել ԱՄՆ-ի հանրային գրադարաններից այն գողանալու դեպքերի քանակով։

Գրանցված ռեկորդները զետեղվում են համապատասխան թեմատիկ բաժնում, որն էլ առանձնացվում է սահմանված 10 խորագրերի ներքո՝ Հարստություն, Փառք, Խիզախություն, Արվեստ և ԶԼՄ-ներ, Նվաճումներ, Մարդ, Վտանգներ և աղետներ, Սպորտ, Գիտելիքներ, Ժամանակակից տեխնոլոգիաներ։ Ռեկորդը մնում է տվյալների բազայում, սակայն որոշ դեպքերում կարող է անորոշ ժամանակով կամ ընդմիշտ հեռացվել այնտեղից։ Սակայն մարդիկ միևնույն է նոր հետաքրքիր ռեկորդներ են գրանցում և երազում հայտնվել աշխարհի ամենահայտնի գրքի էջերում: