Մաքսավորները ցնցված էին անսովոր ծանրոցի պարունակությունից

Մեքսիկայի մաքսային ծառայության տեսուչներն ապշել են հերթական ծանրոցը բացելուց հետո։ Նրանք խոստովանել են, որ երբևէ չէին հանդիպել նման արտասովոր առաքանու։ Տուփերից մեկում հայտնաբերվել է ամենաիսկական բենգալյան վագրի ձագ, որը հրաշքով էր ողջ մնացել։

Կենդանուն առաջինը հայտնաբերել է ծառայողական շունը, որը մոտենալով ծանրոցին՝ առել է վագրի հոտը և անհանգստության նշաններ ցույց տվել։ Մաքսավորներն անմիջապես բացել են արկղը և քարացել տեսածից։ Այնտեղ վագրի փոքրիկ ձագուկ էր, որը չափազանց հյուծվել էր մինչ արկղում հայտնվելը ներարկած հանգստացնող դեղամիջոցի հսկայական չափաբաժնից։ Վագրիկն ամբողջությամբ ջրազրկվել էր և տառապում էր օդի պակասից:

Փոստային ծառայության աշխատակիցները հայտնել են, որ փաթեթն ուղարկվել է երկրի Խալիսկո արևմտյան նահանգից և հասցեագրվել կենտրոնական Քերետարո նահանգ։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ փաթեթում եղել են վագրի վերաբերյալ իրավական փաստաթղթեր: Այժմ, ոստիկանությունը պարզում է, թե ում մտքով է անցել նման դժոխային եղանակով կենդանի առաքել։

Վագրիկը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության կենտրոն, որտեղ աստիճանաբար վերականգնվում է ցնցումից։ Իսկ նրան տանջած մարդկանց կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեղադրանք կներկայացվի։ Կենդանիների իրավունքների պաշտպանության կենտրոնի աշխատակիցները դեռ չեն որոշել, թե որ կազմակերպությանն են փոխանցելու կենդանուն, բայց վստահ են, որ ամեն դեպքում կկարողանան ապահովել վագրիկի անվտանգությունը: