Ադրբեջանը, թեև հաղթել է պատերազմում, սակայն ակտիվորեն ձեռնամուխ է լինում նոր զինված ստորաբաժանումների ստեղծման ու զորամասերի բացման գործին

Այնպես չէ, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո ՀՀ-ին սպառնացող արտաքին սպառնալիքի չափը փոքրացել է կամ վերացել։ Դեռ ավելին՝ հրադադարը շատ փխրուն է, իսկ թշնամին ցանկանում է իր հաղթանակը ամրապնդել բոլոր առումներով, քանի դեռ Հայաստանում իշխանության են Նիկոլ Փաշինյանն ու իր «թիմը»։ Իսկ դա նշանակում է, որ արտաքին վտանգի սպառնալիքի մակարդակն ավելի բարձր է։

Դրանով են պայմանավորված թուրք-ադրբեջանական անընդմեջ համատեղ զորավարժությունները և ադրբեջանական զինված ուժերի կողմից պարբերական դարձած հրադադարի ռեժիմի խախտումներն ու սահմանային սադրանքները։ ՀՀ իշխանությունների խնդիրն էր հրադադարի հաստատումից անմիջապես հետո ձեռնամուխ լինել առաջին հերթին Հայաստանի զինված ուժերի վերականգնմանը։

Այնինչ, նրանք միայն խոսել են Հայաստանի ռազմական պոտենցիալի վերականգնման մասին, բայց ոչինչ չեն արել այս ուղղությամբ։ Կարճ ասած՝ հարցը դատարկ խոսքերից այն կողմ չի անցել։ Բայց մեկ տարվա ընթացքում պետք է առնվազն ականատես լինեինք բանակի վերազինմանը, զենքերի ձեռք բերման նոր պայմանագրերի կնքմանը, հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության խորացմանը։

Այս ամենին զուգահեռ, Ադրբեջանը, թեև հաղթել է պատերազմում, սակայն ակտիվորեն ձեռնամուխ է լինում նոր զինված ստորաբաժանումների ստեղծման ու զորամասերի բացման գործին և արդեն իսկ հայտարարում է միլիարդավոր դոլարների նոր ժամանակակից զենքեր գնելու մտադրության մասին։

Այս հանգամանքը շատ լուրջ ահազանգ է հայկական կողմի համար, սակայն Փաշինյանի կառավարման պայմաններում զինված ուժերի բարեփոխման մասին խոսելն անգամ անլուրջ է թվում։ Իշխանությունների պատկերացրած բարեփոխումը ավելի շատ զինված ուժերի թուլացմանն է միտված լինելու, քանի որ իրենք ցանկանում են, օրինակ՝ պարտադիր զինծառայության ժամկետը կրճատել։

Փաշինյանը խոսում էր, թե պետք է 5 տարին մեկ եռամսյա կամ երկամսյա ծառայություն լինի։ Այս նախաձեռնությունն ի՞նչ կարող է նշանակել, եթե ոչ զինված ուժերի թուլացում։

Փաստացի այսօր բանակը միայնակ է մնացել. չնայած իշխանություններն անընդհատ խոսում են պրոֆեսիոնալ բանակի մասին, սակայն հենց իրենք իսկ գաղափար չունեն, թե պրոֆեսիոնալ բանակի ձևավորումն ինչպիսի ժամանակատար, ռեսուրսներ կլանող ու աշխատատար գործընթաց է։

«Փաստ»