Օհանյանը ներկայացրեց շփման գծում իրավիճակի հարցով փակ քննարկումից արված եզրակացությունները և որոշ մանրամասներ

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մանրամասներ ու եզրակացություններ է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով փակ քննարկումից՝ խոսելով նաև Փայլասարի մասին։

Նրա խոսքով՝ առաջին եզրակացությունն այն է, որ ընդդիմադիրները հրավիրել էին քաղաքական գործիչների, այսինքն, գերատեսչությունների ղեկավարներին, որոնք տիրապետում են խնդրի քաղաքական, ռազմավարական, ռազմաքաղաքական և իրավական հենքին, սակայն ներկայացել էին զինվորականներ: Ըստ այդմ. «Այս քննարկման ընթացքում մենք չստացանք շատ հարցերի պատասխաններ: Չստացանք հարցերի պատասխաններ, որոնք պետք է ուղղված լինեին պատերազմից հետո իրավիճակի գնահատմանը, դրա շրջանակներում մեր պետությունում ռազմավարական վերանայման իրականացմանը, նկատի ունեմ անվտանգության միջավայրի ամբողջական գնահատումը և ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև շփման գծի իրավիճակը, ՀՀ-ից կողմից ձեռնարկվող միջոցառումները»։

Սեյրան Օհանյանը հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ զորքերը պետք է մնային այն դիրքերում, որոնք զբաղեցրել են մարտական գործողությունների ավարտին։ «Երկրորդ եզրակացությունը կայանում է  նրանում, որ որևիցե հիմք չի եղել, որպեսզի հայկական զորքերը հետ քաշվեն այն պատերազմի ավարտին զբաղեցրած դիրքերից, հատկապես՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածում: Մեր եզրակացությունն այն է, որ այդ ամենն իրականացվել է բանավոր կերպով»,- գտնում է պաշտպանության նախկին նախարարը։

Սեյրան Օհանյանը նշեց, որ ժամանակին որոշում չի կայացվել զբաղեցնելու կարևոր ռազմավարական կետերը՝ ճանապարհները, բարձունքները, որոնք գտնվում են թեկուզ չհաստատված, իրավական հենք չունեցող այն շփման գծում, որը Խորհրդային Միության օրոք եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև: «Արագ կերպով պետք էր մոբիլիզացիա անել, որոշումներ ընդունվեին. ամենակարևոր կետերում դիրքերը կահավորելու ժամանակահատվածը մի քանի օր է»,- ընդգծեց նա:

Բանախոսի առանձնացրած երրորդ եզրակացությունը հետևյալն է՝ պետք է բարձրացնել ՊՆ-ի և ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի համատեղ փոխգործակցության մակարդակը, փոխգործունակությունը՝ մեկը մյուսին փոխարինելու անհրաժեշտության դեպքում: Նշվեց, որ ընդդիմությունը մտահոգություն ունի, թե իշխանությունը ստվերային պայմանավորվածություններ է ձեռք բերելու, ուստի իրենց դաշինքի խնդիրն է հասկանալ իրադրությունը և դիմադրության շարժում ստեղծել, որպեսզի այսօր չընդունվի նոյեմբերի 9-ի հայտարարության նման փաստաթուղթ:

Փակ քննարկմանն անդրադարձ եղել է նաև ճանապարհների խնդրին, Փայլասարին: «Իրենք ասում են, որ դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Նրանք հաստատեցին, որ երկու երկրների հենակետերի միջև եղել է ՌԴ հենակետ, բայց այն դուրս է հանվել, դիրքերի փոփոխություն տեղի չի ունեցել»,- այդ առնչությամբ նկատեց Օհանյանը։