Ինչու ԱԺ դահլիճ հրավիրվեցին ԱԱԾ աշխատակիցները. տուրուդմփոց ԱԺ-ում

ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստն ընդհատվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին հաջորդած միջադեպի պատճառով. նիստում նախագահող Ռուբեն Ռուբինյանի պահանջով անվտանգության աշխատակիցները ամբիոնից հեռացրին բանախոսին։

Նախագծերից մեկի քննարկման առիթով իր ելույթում Գեղամ Մանուկյանը, մասնավորապես, նշեց. «Սրիկայությունը շատ օրինակներով կարելի է ասել, բայց Արցախն ուրացողը դավաճան է, դավաճանություն է: Ոնց որ քիչ առաջ ելույթ ունեցողը վերջերս լրատվամիջոցների առաջ էր Արցախն ուրացել (Մանուկյանից առաջ ելույթ էր ունենում ՔՊ-ի պատգամավոր Վիգեն Խաչատրյանը – խմբ.)»:

Պատգամավորի այդ բառերին արձագանքեց Ռուբեն Ռուբինյանը, որը հիշեցնելով էթիկայի կանոնների մասին՝ ասաց. «Դուք ինչ-որ մեկին որ մեղադրում էիք Արցախն ուրանալու մեջ, անուն տվեք»։

Մանուկյանը հայտարարեց, որ բառացի կմեջբերի ՔՊ-ի պատգամավոր Վիգեն Խաչատրյանի խոսքը: Ռուբինյանը վերստին հետաքրքրվեց, թե արդյոք Մանուկյանը Խաչատրյանին դավաճա՞ն է անվանում: Այնուհետեւ նախագահողը խնդրեց անջատել ամբիոնի խոսափողը և Մանուկյանին հորդորեց զբաղեցնել իր տեղը։ Սակայն պատգամավորը շարունակում էր խոսել՝ արդեն առանց խոսափողի։ Ռուբինյանի պահանջով անվտանգության աշխատակիցները ամբիոնից հեռացրին Մանուկյանին և դահլիճում իրարանցում սկսվեց։ Հայտարարվեց 20 րոպե ընդմիջում: