Փաշինյան-Ալիեւ։ Ի՞նչ է սպասվում Մոսկվայում… հայկական կողմին հաջողվել է հասնել նրան, որ…

«Ալիք Մեդիա»-ում իմ վերջին սյունակը՝ Մոսկվայում նոյեմբերին սպասվող երկու փաստաթղթերի ստորագրման մասին, ավելի քան լայն տարածում ունեցավ, որոշ շրջանակների անգամ նյարդայնացրեց: այս մասին գրում է լրագրող Թաթուլ ՀԱկոբյանը

Սա զարմանալի է, ու կրկին համոզվում ես, որ մեր ժողովուրդը, մեր մտավորական ու քաղաքական վերնախավը այդպես էլ չեն ուզում ընդունել մեզ հետ տեղի ունեցած աղետի տարողությունը, խորքն ու հետեւանքները: Մեր ժողովրդի մի հատված շարունակում է ապրել 2020-ի սեպտեմբերի 26-ի Հայաստանում, այն Հայաստանում, որն այլեւս գոյություն չունի:

Եվ ի՞նչն է անակնկալը, զարմանալին կամ նյարդայնացնողը: Մենք չգիտե՞նք, որ Մոսկվայի միջնորդությամբ եւ մասնակցությամբ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումներ են ընթանում, Վլադիմիր Պուտինը բանակցում եւ հեռախոսազրույցներ է ունենում Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ: Մենք չգիտե՞նք, որ այդ բանակցությունների արդյունքում փաստաթղթեր են նախապատրաստվում, եւ չգիտե՞նք, որ երբ պարտվում ես, այլեւս ոչինչ չես որոշում կամ շատ քիչ բան ես որոշում ու գլուխդ կախ ստիպված ես լինում համակերպվել հաղթողների պարտադրանքի հետ, ինչպես եղել է մեկ դար առաջ Բաթումում, Ալեքսանդրապոլում ու Կարսում:

Հայաստանը եւ Ադրբեջանը նախապատրաստվում են Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ ստորագրելու, որոնք գրեթե ավարտական տեսք են ստացել, եթե վերջին պահին չլինեն ֆորսմաժորային իրավիճակներ:

Դիվանագիտության մեջ կա այսպիսի ձեւակերպում՝ քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչինչ համաձայնեցված չէ: Դեռ ժամանակ կա փաստաթղթերը վերջնական տեսքի բերելու, եւ կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ վերջին պահին կողմերից որեւէ մեկը, այս դեպքում՝ Հայաստանը, փորձի վիժեցնել գործընթացը:

Ղարաբաղյան հակամարտության պատմության ընթացքում առնվազն նման երկու դեպք հայտնի է: 2001-ին, թվում էր, կողմերը գնում են Քի Վեսթի կամ տարածքների փոխանակման տարբերակը ստորագրելու ԵԱՀԿ Մինսկի խմբի, առաջին հերթին՝ ամերիկյան նախաձեռնությամբ, սակայն Հեյդար Ալիեւը հրաժարվեց պայմանավորվածություններից: Տասը տարի անց՝ 2011-ին, նրա որդին՝ Իլհամ Ալիեւը, հրաժարվեց Կազանի փաստաթուղթը ստորագրելուց, իր հետեւից շրխկացրեց դուռը եւ վերադարձավ տուն՝ նախապատրաստվելու 2016-ի ապրիլյան, ապա 2020-ի սեպտեմբերյան պատերազմներին:

Արցախի կարգավիճակը

Առաջին փաստաթուղթը, որ բանակցվել է նախորդ ամիսներին, վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը եւ սահմանագծմանը, որով Երեւանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը:

Բանակցային գործընթացում վիճելի կետերը վերաբերել են.

Արցախի կարգավիճակին,

անկլավներին,

քարտեզներին, որոնցով իրականացվելու է Հայաստան-Ադրբեջան սահմանագծումը:

Ադրբեջանի, ինչպես նաեւ Թուրքիայի համար կարգավիճակի հարց չկա, ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է եւ անցյալում է: Լավագույն դեպքում Բաքուն կարող է համաձայնել ինչ-որ մշակութային ինքնակառավարման: Եթե մինչեւ 44-օրյա պատերազմը Ադրբեջանը չէր համաձայնում Արցախի՝ Ադրբեջանից դուրս կարգավիճակին, ապա ռազմի դաշտում տարած հաղթանակից եւ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, բնական է, չի համաձայնի ինքնավարության ամենաբարձր կարգավիճակի հետ, մի բան, որ առաջարկում էր 25 տարի շարունակ:

Երեւանի եւ Ստեփանակերտի համար անընդունելի է Արցախը Ադրբեջանի կազմում ձեւակերպումը: Հայկական կողմի/կողմերի համար այսօր չարյաց փոքրագույնը կարգավիճակի հարցը ապագային թողնելն է, եւ եթե ստորագրվելիք փաստաթղթում Արցախի կարգավիճակի մասին խոսք չլինի, անգամ եթե Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեն միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը, եւ դա հստակ գրվի սեւը սպիտակի վրա, դա կարող է համարվել եւ կամ ներկայացվել ձեռքբերում: Հայկական կողմը փորձելու է հասնել նրան, որ Արցախի կարգավիճակի հարցը թողնվի բաց:

Ռուսաստանի համար եւս կարեւոր է, որ Արցախի կարգավիճակը լինի անորոշ: Այն պահին, երբ ամրագրվի կարգավիճակը, ռուսական խաղաղապահ եւ կամ ռազմական ներկայությունը կդառնա ավելորդ, ինչին ձգտում են Ադրբեջանն ու Թուրքիան: Ադրբեջանը համաձայնել է ռուսների ներկայությանը, երբ ռազմի դաշտում ստացել է ոչ միայն յոթ շրջանները, այլև Շուշին եւ Հադրութը:

Արեւմուտքը, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահող պետություններից Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, կարեւորում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Հայաստանում, երբ ասվում է կարգավիճակ, անկախ նրանից, թե ով է այդ բառն օգտագործում, դա մեկնաբանում են Արցախի անկախություն: Իրականում, մինչդեռ, չի եղել եւ այսօր էլ չկա ազդեցիկ արեւմտյան պետություն, որ երբեւէ կարգավիճակ ասելով հասկացել է Արցախի անկախություն:

Արեւմուտքին, անկասկած, մտահոգում է ռուս-թուրքական, եթե կուզեք՝ Կովկասը հայկական շահերի հաշվին միմյանց միջեւ բաժանելու Մոսկվայի եւ Անկարայի պայմանավորվածությունը: Մյուս կողմից՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Արեւմուտքը գրեթե ոչինչ չարեց, որ հայկական կողմի պարտությունը նվազ ցավալի լիներ։ Չփորձեց զսպել ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիայի քայլերը, այդ թվում Սիրիայից ու Լիբիայից վարձկանների օգտագործումը:

Չորս անկլավների եւ միմյանց վերահսկելի տարածքների հարցում Մոսկվայի միջնորդությամբ Երեւանն ու Բաքուն փորձում են փոխադարձ ընդունելի տարբերակներ ու ձեւակերպումներ գտնել: Արծվաշենի անկլավը Ադրբեջանի վերահսկողության տակ է 1992-ի օգոստոսից, իսկ Վերին Ոսկեպարի, Բարխուդարլու-Սոֆուլուի եւ Տիգրանաշենի անկլավները Հայաստանի վերահսկողության տակ են 1990-1991 թվականներից: Անկասկած, Ռուսաստանի համար ցանկալի է անկլավների անվտանգության ապահովության ստանձնումը, եթե կողմերը պայմանավորվում են վերադառնալ խորհրդային ժամանակների սահմաններին, այսինքն՝ Հայաստանը ստանում է Արծվաշենը, Ադրբեջանը՝ Վերին Ոսկեպարը, Սոֆուլու-Բարխուդարլուն ու Տիգրանաշենը:

Սա Հայաստանի կենսական շահերին հակասող փոխանակություն կլինի, քանի որ՝

Իջեւանից Նոյեմբերյան եւ ապա Վրաստան/Ռուսաստան անցնելու համար մենք ստիպված կլինենք մի քանի տեղ հատել ադրբեջանական տարածքները, ճիշտ այնպես, ինչպես այսօր է Գորիս-Կապան-Ճակատեն հատվածում,

Իջեւան-Բերդ ճանապարհը Ազատամուտի հատվածում կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ,

Հայաստանից դեպի Սյունիք, Արցախ եւ Իրան տանող մայրուղին Տիգրանաշենի հատվածում կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ:

Ադրբեջանը, մեզ վերադարձնելով Արծվաշենը, չի զրկվում որեւէ ճանապարհից, չի կորցնում ռազմավարական որեւէ տարածք:

Անկլավներից բացի կան սահմանային տարածքներ, որոնք պատերազմի հետևանքով անցել են կողմերից մեկին եւ կամ մյուսին: Այսպես՝ մասամբ կամ ամբողջությամբ հայկական վերահսկողության տակ են նախկին Ղազախի շրջանի Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար, Խեյրիմլի եւ Կըզըլ-Հաջիլի գյուղերը: Ադրբեջանական վերահսկողության տակ են հողատարածքներ Տավուշի Բարեկամավան, Բերքաբեր, Պառավաքար եւ Չինարի գյուղերից:

Միջա՞նցք, թե՞ ճանապարհ. կարեւորը բառը չէ, այլ կարգավիճակը

Երկրորդ փաստաթուղթը, որի շուրջ եւս գրեթե վերջնական հայ-ռուս-ադրբեջանական պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ փոխվարչապետների մակարդակով, վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես ճանապարհ-միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցության հաստատման մանրամասներին:

Բաքուն ձգտում է եւ, ըստ ամենայնի, հասնելու է նրան, որ իր կապը Նախիջեւանի եւ ապա Թուրքիայի հետ իրականացվի այնպիսի ճանապարհ-միջանցքով, որն ունենա նույն կարգավիճակը, ինչպիսին Հայաստանից դեպի Արցախ տանող միջանցքն է: Սա նշանակում է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան հայկական տարածքի վրա չեն ստանում իրավունքներ, բայց անարգել օգտվում են Սյունիքով անցնող երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհներից, իսկ դրանց անվտանգությունը ապահովում են ռուսական ուժերը, ճիշտ այնպես, ինչպես Լաչինի միջանցքի դեպքում:

Բնական է, Ռուսաստանի համար սա ընդունելի տարբերակ է, քանի որ իր ներկայությամբ նա հավելյալ վերահսկողություն է իրականացնում ոչ միայն Հայաստանի, այլեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի վրա: Գրեթե կասկած չկա, որ հայկական կողմին հաջողվել է հասնել նրան, որ Ադրբեջանը եւ Թուրքիան Հայաստանի որեւէ ճանապարհի վրա չստանան սուվերեն իրավունքներ, մի բան, որ ագրեսիվ կերպով առաջ էին մղում Իլհամ Ալիեւն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թե ինչ անուն կունենա այդ կապը՝ մուտք (доступ), ճանապարհ կամ միջանցք, էական չէ: Կարեւորն այն է, որ Հայաստանը չզրկվի իր տարածքից եւ, ըստ էության, այդ մուտք/ճանապարհ/միջանցքով չբաժանվի երկու մասի: Մյուս կողմից՝ փաստ է, որ Սյունիքում հաստատվում է թուրք-ադրբեջանական անուղղակի ներկայություն:

Միջանցքների նախապատմությունը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջանցքների մեխանիզմը փաստաթղթային ձեւակերպում է ստացել Քի Վեսթում 2001 թվականին: Ըստ այդ՝ տարածքների փոխանակման առաջարկների, որոնք ընդունելի են եղել հայկական կողմերի համար, եւ Ադրբեջանն է վերջին պահին հետ կանգնել պայմանավորվածություններից, նախատեսված են եղել երեք միջանցքներ՝

  1. Լաչինի միջանցք, որով Արցախը կապվում էր Հայաստանի Հանրապետությանը, եւ դա, ըստ էության, դառնում էր հայկական տարածք, քանի որ փաստաթղթով Արցախը դառնում էր Հայաստանի սուվերեն մաս,
  2. Մեղրիի միջանցք. Արաքսի ափով Ադրբեջանին տրվելիք միջանցքը, որն ունենալու էր մոտ 40 կիլոմետր երկարություն եւ 8 մետր լայնություն, չէր դառնալու Ադրբեջանի սեփականությունը: Սակայն, միեւնույն ժամանակ, Ադրբեջանն այդ միջանցքից ազատ օգտվելու համար Հայաստանին տարանցման դիմաց որեւէ հարկ չէր վճարելու:Սկզբնական շրջանում քննարկվում էր 40 կիլոմետրանոց էստակադայով՝ կամրջակապով` overpassing elevated road, Ադրբեջանն ու Նախիջեւանը միմյանց կապելու տարբերակը, սակայն այն չափից դուրս թանկ էր ստացվում: Առաջարկվեց 8 մետր լայնությամբ ճանապարհ Արաքսի ափով, որը Մեղրիի շրջանում բնակավայրերի հանդիպելիս դառնալու էր էստակադա, ապա կրկին իջնելու էր գետնի վրա: Սրանով նվազագույնի էր հասցվում Ադրբեջանից Նախիջեւան եւ հակառակ ուղղությամբ ընթացող ադրբեջանցիների եւ Մեղրիի հայերի շփման հավանականությունը:Հայկական բնակավայրերի մոտ էստակադաների կառուցումը, այն է՝ սուվերեն անցումը գետնից օդ հանելը, լուծում էր մեկ այլ խնդիր՝ Հայաստանի եւ Իրանի միջեւ ցամաքային կապը: Ճիշտ է, լայն հաշվով Հայաստանի տարածքը 8 մետրով նեղանում էր, եւ բացի այդ՝ Հայաստանը կորցնում էր Արաքս գետից ամբողջ 40 կիլոմետր երկարության վրա օգտվելու հնարավորությունը, սակայն մյուս կողմից, էստակադաների հատվածում Հայաստանը կարող էր ունենալ մեկից ավելի կամուրջներ, որոնք միմյանց կկապեին Հայաստանն ու Իրանը, ինչպես այսօր դա իրականացվում է մեկ կամրջով՝ Նորդուզ-Կարճեւան հատվածում` կառուցված 1995 թվականին:
    1. Ֆիզուլիից դեպի Շուշի միջանցք: Փախստականների ու տեղահանվածների թեման միշտ էլ եղել է բանակցային սեղանին, Քի Վեսթի տարբերակում առաձնապես եւ առաջին հերթին ուշադրության կենտրոնում է եղել Շուշի ադրբեջանցի փախստականների վերադարձի հնարավորությունը: Հայկական կողմը սկզբունքորեն դեմ չի արտահայտվել: Սակայն լուրջ քննարկման թեմա է դարձել ոչ միայն նրանց անվտանգության ապահովման, այլեւ այն հարցը, թե ինչպես են Շուշիի ադրբեջանցիները կապվելու Ադրբեջանի հետ: Այստեղ նույնպես օգնության է եկել միջանցքի գաղափարը, այն է՝ հնարավորություն ստեղծել, որ ադրբեջանցիները ազատ կապի հնարավորություն ստանան Ադրբեջանի հետ: Այդ միջանցքը կամ ճանապարհը կարող էր լինել Ֆիզուլիից դեպի Շուշի (44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը կառուցում է հենց այդ ճանապարհը), Աղդամից դեպի Շուշի կամ Շուշիից դեպի Լաչին, ապա Հակարիի ափով շրջադարձ դեպի Ղուբաթլու եւ Արաքսի հովիտ:

    Նիկոլ Փաշինյանի հրաժարակա՞ն

    1994-ի մայիսին պատերազմում պարտված Ադրբեջանը ստիպված եղավ համաձայնել անժամկետ հրադադարի ռուսական առաջարկների հետ, սակայն չստորագրեց որեւէ պայմանագիր, քանի դեռ հայկական վերահսկողության տակ էին յոթ շրջանները, եւ վիճելի էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Ադրբեջանը 25 տարիներն օգտագործեց բանակ ստեղծելու, զինվելու ու ռեւանշի հասնելու համար եւ իր ծրագիրը դարձրեց իրականություն:

    Հայաստանի իշխանությունները 44-օրյա պատերազմից եւ պարտությունից հետո շտապում են խաղաղության դարաշրջան բացել: Երկու փաստաթղթերը, որոնք բանակցվում են Մոսկվայի միջնորդությամբ, կարող են առաջիկայում չստորագրվել երկու հիմնական պատճառով՝

    հայկական կողմը վերջին պահին հրաժարվում է դրանք ստորագրելուց,

    Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս:

    Երկու փաստաթղթերում թեեւ չնչին դրական փոփոխություններ են կատարվել հօգուտ հայկական կողմի, բայց դրանք գրեթե նույն այն տեքստերն են, որոնց շուրջ հայկական տիրույթում աղմուկ ստեղծվեց անցնող մայիսին:

    Հայաստանն այսօր չունի ո՛չ դիմադրություն, ո՛չ ներուժ, ո՛չ դաշնակից՝ շանտաժի եւ կամ օգնության միջոցով հայանպաստ շտկումներ մտցնելու բանակցված փաստաթղթերում:

    Երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տա, քանի որ ո՛չ ինքն է դա ցանկանում, եւ ո՛չ էլ նրան թույլ կտան հեռանալ այս պահին: Նա պետք է ավարտին հասցնի գործը: Նա եւ նրա թիմակիցները դա կհամարեն խաղաղության դարաշրջանի բացում, այլք՝ մեր աղետալի պարտության փաստաթղթային ամրագրում:

    Կարո՞ղ է ավելի վատ փաստաթղթեր ստիպված լինենք ստորագրել

    Դիվանագիտության մեջ կա չգրված օրենք, հատկապես, երբ դու թույլ ես ու պարտված: Այսօր դու կարող ես մերժել անընդունելին, քո շահերին հակասող փաստաթուղթ, բայց վաղը աղաչես, որ երեկվա փաստաթուղթը կրկին դրվի սեղանին:

    Այդպես է եղել մեր պատմության վերջին 100 տարիներին բազմաթիվ անգամներ:

    1918-ի սկզբին մենք լսել անգամ չէինք ուզում Բրեստ-Լիտովսկի մասին, բայց երբ թուրքերը հասան Ալեքսանդրապոլ, աղաչում էինք նույն Բրեստ-Լիտովսկի պայմանները: Թուրքերը, սակայն, մերժեցին եւ մեզ թողեցին 10 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստան:

    1920 թվականին մենք 160 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Սեւրն էինք ուզում, բայց շաբաթների ընթացքում կորցրինք Արեւելյան Հայաստանի կեսը՝ Կարսը եւ Սուրմալուն, թուրք քեմալականները զավթեցին նաեւ այն ժամանակվա Հայաստանի խոշորագույն բնակավայրը՝ Ալեքսանդրապոլը, եւ Շիրակի դաշտավայրը:

    1994-ի անժամկետ զինադադարից հետո մենք հնարավորություն ունեինք, ճիշտ է, առանց կարգավիճակի ամրագրման, 1997-1998 թվականներին 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Արցախի ուղիղ կեսը պահել, սակայն իշխանության ձգտող ուժերը խոստացան 8 հազար քառակուսի կիլոմետր տարածքով անկախ Արցախ, գործող իշխանություններին մեղադրեցին պարտվողականության մեջ եւ իրականացրին ռազմական, պետական հեղաշրջում:

    Վերջնարդյունքում մենք կորցրինք Արցախի երեք քառորդը, իսկ այսօր նրանից մնացել է 3 հազար քառակուսի կիլոմետրը՝ կրկին առանց կարգավիճակի, ընկճված ու թույլ, որի անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները: