Հայաստանում արդեն երկու օր է՝ երկրաշարժ է գրանցվում. Հոկտեմբերի 25-ին երկրաշարժը զգացվեց հետևյալ մարզերում

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հոկտեմբերի 25-ին՝ տեղական ժամանակով ժամը 16:57-ին, (Գրինվիչի ժամանակով ժամը 12։57-ին) Շիրակի մարզի Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, գրանցվել է 2.7 մագնիտուդով երկրաշարժ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը, նշելով, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի, Լոռու մարզի Սպիտակ, Տաշիր, Ալավերդի քաղաքներում, ինչպես նաև Նորաշեն, Սարչապետ, Ձորամուտ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին, տեղական ժամանակով ժամը 21։04-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17։04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել էր 3.8 մագնիտուդով երկրաշարժ։

Երկրաշարժը տեղի էր ունեցել հյուսիսային լայնության 41.12⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով՝  Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 9 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 5 բալ:

Երկրաշարժը զգացվել էր Շիրակի մարզում՝ 4 բալ, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ քաղաքներում և Շնող գյուղում` 3-4 բալ ուժգնությամբ: