Առաջիկա օրերին Հայաստանը և Ադրբեջանը պատրաստվում են երկու նոր փաստաթուղթ ստորագրել Ռուսաստանի միջնորդությամբ

Նոյեմբերի 9-ին Հայաստանն ու Ադրբեջանը երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու Մոսկվայում, հայտնում է «Ալիք Մեդիան»՝ նշելով, որ այդ մասին տեղեկացել է դիվանագիտական վստահելի աղբյուրներից:

Նշվում է, որ փաստաթղթերը Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ վավերացնելու են Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը։ Դրանցից առաջինը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատմանը և սահմանագծմանը, որով Երևանն ու Բաքուն, հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության պաշտպանական գերատեսչության Գլխավոր շտաբի քարտեզները, ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը։ Այդ քարտեզներին Վլադիմիր Պուտինը օրեր առաջ անդրադարձել է «Վալդայ» ակումբի նստաշրջանում։

Երկրորդ փաստաթուղթը, որի շուրջ գրեթե վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների վերջին հանդիպման ժամանակ, վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ուղիների ապաշրջափակմանը, այդ թվում՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հաստատմանը։

Անցյալ տարվա նոյեմբերի 9-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրեցին այսպես կոչված եռակողմ հայտարարությունը, որով դադարեցվեցին ռազմական գործողությունները Արցախում։