Ոստիկանությունը տակավին մեղադրանք չի ներկայացրել նկարահանման ժամանակ օպերատորին սպանած Ալեք Բոլդուինին

Ողբերգությամբ է ավարտվել ամերիկյան «Ժանգը» կինոնկարի հերթական տեսարանի նկարահանումը. հանրահայտ դերասան Ալեք Բոլդուինը, որը նաև ֆիլմի պրոդյուսերն է, ատրճանակից կրակոցով սպանել է 42-ամյա կին օպերատորին։

Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգում գտնվող նկարահանման հրապարակում։ Նշվում է, որ զենքը պետք է լիցքավորված լիներ դատարկ փամփուշտներով։ Մահացածը ԽՍՀՄ-ում ծնված կինոօպերատոր Գալինա Հատչինսն է, որը ծանր վիրավորմամբ ուղղաթիռով հասցվել է Ալբուկերկ քաղաքի հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրան։ Կրակոցից տուժել է նաև ֆիլմի ռեժիսոր Ջոել Սոուզան, սակայն նախնական տեղեկություններով՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Դերասանուհի Ֆրենսիս Ֆիշերը հայտնել է, որ Սոուզան արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, քանզի ծանր վիճակում է։

Սանտա Ֆե շրջանի շերիֆի գրասենյակի ներկայացուցիչը հաստատել է, որ կրակոցը կատարել է Բոլդուինը։ Դերասանը, որը ֆիլմում մարմնավորում է հանրահայտ հանցագործի, կամավոր է ներկայացել ոստիկանություն, նրան առայժմ մեղադրանք չի առաջադրվել։ Ֆիլմի նկարահանումները դադարեցվել են, ոստիկանությունը հետաքննություն է սկսել։

1994-ին «Ագռավը» ֆիլմի նկարահանման ժամանակ համանման միջադեպի արդյունքում զոհվել էր ամերիկացի դերասան և մարտարվեստների վարպետ Բրենդոն Լին։ Այն ժամանակ զենքի հարցերով զբաղվող մասնագետը սխալ հաշվարկի արդյունքում չափազանց շատ վառոդ էր լցրել փամփուշտի մեջ, ինչն էլ հանգեցրել էր ողբերգության։

Ալեք Բոլդուինը դերասան եղբայրներից ավագն է։ Ծնվել է 1958 թվականին։ Հայտնի է «Բիթլջուս», «Ստվերը», «Որս՝ Կարմիր Հոկտեմբերի վրա», «Ավիատոր», «Ուրացողները» և այլ ֆիլմերից։ Առաջադրվել է «Օսկարի», իսկ «Ստուդիա 30» կատակերգական հեռուստասերիալում աշխատանքի համար արժանացել է «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակների։