Գիտնականը պարզել է հաջողակ և անհաջողակ մարդկանց առանձնահատկությունները

Աշխարհում քիչ չեն հաջողակ մարդիկ, որոնց ընդունված է «բախտավոր» անվանել։ Ո՞րն է նրանց գաղտնիքը։ Միթե՞ նրանք ընդամենը հաջողակ աստղի տակ են ծնվել, և մենք՝ «հասարակ» մահկանացուներս ստիպված ենք հաշտվել այդ իրողության հետ։ Միթե՞ աստվածները միայն ընտրյալներին են ժպտում ու մենք ոչ մի կերպ չենք կարող ազդել իրադարձությունների զարգացման վրա։

Գիտնականները հերքում են այդ կարծիքը։ Խնդրի ուսումնասիրությանը խորամուխ է եղել Հարտֆորդշիրի համալսարանի ճանաչված հոգեբան, պրոֆեսոր Ռիչարդ Վայզմանը։ Իր դիտարկումները նա ամփոփել է «Հաջողության գործոնը» բեստսելերի մեջ՝ բացատրելով, թե ինչն է որոշ մարդկանց դարձնում հաջողակ, իսկ մյուսներին՝ ոչ։ Մարդիկ հաջողակ չեն դառնում  բարի փերիի կախարդական փայտիկի հարվածով։ Պարզվում է՝ մեզնից յուրաքանչյուրը կարող է ավելի շատ հաջողություն բերել իր կյանք։ Ավելի քան 400 կամավորների ներգրավմամբ հարցազրույցների և փորձարկումների արդյունքում Վայզմանը եկել է բավական անսպասելի եզրակացության. նրա կարծիքով, մենք ինքներս ենք համարվում սեփական հաջողության արարիչները։ Նա առանձնացրել է նաև հաջողության կերտման հիմնական սկզբունքները։ Այնպես, որ ցանկության դեպքում բոլորս էլ կարող ենք դառնալ ավելի հաջողակ։

Նրա հետազոտությունների արդյունքները վկայում են, որ հաջողությունը որոշակի կախարդական գերունակութուն չէ, ու պայմանավորված չէ պատահականության գործոնով։ Եվ առավել ևս՝ մարդիկ ի ծնե հաջողակ կամ անհաջողակ չեն լինում։ Հաջողակ մարդիկ իրենք են ստեղծում սեփական հաջողությունը՝ առաջնորդվելով չորս հիմնական սկզբունքներով․

  1. Նրանք կարողանում են նկատել իրենց ընձեռված հնարավորությունները կամ, հնարավորության դեպքում, ստեղծել դրանք։
  2. Նրանք ընդունում են հաջող որոշումներ՝ ղեկավարվելով իրենց բնազդով։
  3. Նրանք դրական են տրամադրվում՝ այդպիսով ստեղծում են ինքնուրույն իրագործվող մարգարեություններ։
  4. Նրանք փիլիսոփայորեն են վերաբերվում անհաջողություններին, ինչը թույլ է տալիս օգուտ քաղել դրանցից ։

Վայզմանի հեղափոխական աշխատանքը ցույց է տալիս, որ երջանկությունը միշտ մեր ձեռքերում է, եթե, իհարկե, պատրաստ ենք ուշադիր լինել այդ չորս սկզբունքներին։ Հաջողակ մարդիկ բաց չեն թողնում շփվելու հնարավորությունը։ Նրանք չեն վախենում նոր մարդկանց հանդիպելուց, քանի որ գիտեն՝ նոր մարդիկ միշտ նոր հնարավորություններ են բերում, իսկ նոր հնարավորություններ ունենալը շատ լավ է։ Բացի այդ՝ հաջողակ մարդիկ հնարավորություններ են տեսնում այնտեղ, որտեղ ուրիշները դրանք չեն նկատում։

Դա պարզելու համար Վայզմանը շատ հասարակ և հետաքրքիր փորձարկում անցկացրեց։ Նա մասնակիցներին խնդրեց զննել թերթը և հայտնել դրանում զետեղված լուսանկարների քանակը։ Դա պարզ և ձանձրալի առաջադրանք էր, որը, թվում էր, ոչ մի կապ չունի հաջողության հետ։ Բոլոր լուսանկարների քանակը հաշվելու համար անհաջողակ մարդկանցից պահանջվեց մոտ 2 րոպե, իսկ հաջողակներից՝ 2 վայրկյան։

Հաջողակ մարդիկ կիրառում են «հակափաստարկային մտածողությունը»։ Դրա էությունը նրանում է, որ այն հակասում է փաստերին։ Հոգեբանները հաճախ այդ տերմինն օգտագործում են, երբ խոսում են կատարվածի վերաբերյալ մարդկանց պատկերացումները պարզելու մասին։ Հաջողակ մարդիկ իրենց հետ տեղի ունեցած անհաջողությունը ներկայացնելիս նշում են, որ այդ իրադարձության պարագայում իրենց բախտը բերել է։