«Facebook»-ն այսուհետ այլ անվանում է ունենալու

Անվանափոխության մասին ընկերության գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը պատրաստվում է հայտարարել հոկտեմբերի 28-ին կամ մինչ այդ։

Ընկերությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ դա կարող է տեղի ունենալ հաջորդ հինգշաբթի նախատեսված «Connect» ընկերության ամենամյա համաժողովի ժամանակ։ Նշվում է, որ ապրանքանիշի փոփոխությունը միտված է արտացոլելու «Facebook»-ի՝ «մետատիեզերք» («բազմատիեզերք») կառուցելու ձգտումը։ Դա լինելու է առցանց աշխարհ, որտեղ մարդիկ կարող են տարբեր սարքերի միջոցով տեղաշարժվել և հաղորդակցվել վիրտուալ միջավայրում։ Ենթադրվում է, որ այն ընդամենը մի քանի սարքի և հավելվածի միջոցով կմիավորի շուրջ 3 մլրդ օգտատիրոջ։

October 6, 2021: BRAZIL — 2021/10/06: In this photo illustration the profile of Facebook founder Mark Zuckerberg seen displayed on a smartphone. (Credit Image: © Cris Faga/ZUMA Press Wire)

Փոփոխությունից հետո «Facebook»-ը կդառնա գլխամասային ընկերության վերահսկողության ներքո գտնվող բազմաթիվ հավելվածներից մեկը։ Նոր անվանումը խիստ գաղտնի է պահվում, այն հասու չէ անգամ ընկերության ղեկավարության շատ անդամների։ Ենթադրվում է, որ այն կարող է կապված լինել օգոստոսին ներկայացված «Horizon» նոր ընկերության հետ։ Դա վիրտուալ գրասենյակների ցանց է, որոնց կարելի է միանալ տեսակոնֆերանսի ձեւաչափով կամ վիրտուալ իրականության «Oculus VR» սաղավարտի միջոցով։

«Facebook» սոցիալական ցանցը 2004 թվականի փետրվարին ստեղծել է ամերիկացի 19-ամյա ուսանող Մարկ Ցուկերբերգը։ Ընկերությանն են պատկանում նաև «Messenger», «WhatsApp» և «Instagram» ծառայությունները։ Ցուկերբերգը 3-րդ տեղն է գրավում ամենահարուստ ամերիկացիների ցանկում. Սեպտեմբերի սկզբին նրա կարողությունը գնահատվում էր 134,5 մլրդ դոլար։