Էրդողանը նոր արկածախնդրություն է ծրագրել

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, ինչպես երևում է, վերջնականապես կորցրել է իրականության զգացումը։ Նա կոչ է արել վերանայել Երկրորդ աշխարհամարտում հաղթած տերությունների դերն ու նշանակությունը պատերազմում և ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական անդամների կազմը։

«Այն պարագայում, երբ աշխարհը փոխվում է, և դիվանագիտությունը, առևտուրը, միջազգային հարաբերությունները արմատական փոփոխություններ են կրում՝ անմտություն է, որ գլոբալ անվտանգության ճարտարապետությունը մնա նախկինը»,- հայտարարել է նա Անգոլայի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։

Ավելի վաղ նա հայտնել էր ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներին զիջումների դրդելու և միջազգային այդ կազմակերպության մյուս անդամների իրավունքներն ընդլայնելու նպատակ հետապնդող ճանապարհային քարտեզի առկայության մասին։ Էրդողանի կարծիքով՝ փոփոխությունների պահանջին ականջալուր չլինելը վկայում է «Երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորված ստատուս քվոն պահպանելու համառ փորձերի մասին»։ Նա ընդգծել է, որ աշխարհն ավելին է, քան վետոյի իրավունք ունեցող 5 երկրները՝ նկատի ունենալով ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Չինաստանը։

Պետք է նշել, որ Ռուսաստանը դեմ է Արևմուտքի հաշվին ԱԽ մշտական անդամների կազմի ընդլայնմանը և արտահայտվում է զարգացող երկրների ներգրավման օգտին։ Ֆրանսիան ցանկանում է ԱԽ մշտական անդամների թվում տեսնել Գերմանիան, Բրազիլիան, Հնդկաստանը և Ճապոնիան։ Հնդկաստանին աջակցում է նաև ԱՄՆ-ը։ Թուրքիայի մասին առայժմ խոսք չի գնում։