Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները

Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած Ադրբեջանի զինված ստորաբաժանումները ձմեռամուտի են պատրաստվում զբաղեցրած դիրքերում։ Այդ մասին տեղեկացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ մանրամասնելով, որ վերջին շրջանում շեշտակի աճել է զավթիչների ակտիվությունը։ Նրանք ապաստարաններ են կառուցել ՀՀ Գեղարքունիքի մարզի գրավյալ տարածքներում, կուտակել մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել դեպի իրենց դիրքեր տանող ճանապարհները։

«Ավելին, շարունակում են նոր ճանապարհների կառուցումը, դիրքերում ավելացնում են զինծառայողների քանակն ու սպառազինությունը: Անընդհատ կատարում են դիրքային ամրացման և ինժեներական ակտիվ աշխատանքներ»,- նշել է Թաթոյանը, վերստին ընդգծելով, որ խոսքը ՀՀ տարածքում ադրբեջանական զինուժի անօրինական տեղակայման, հետևապես՝ հանցավոր արարքների մասին է:

Արման Թաթոյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ադրբեջանցիները ֆիզիկապես ներկա են այն հողատարածքներում, որոնք օրինական փաստաթղթերով հաստատված իրավունքներով պատկանում են ՀՀ քաղաքացիներին։ Դա հաստատվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման փաստահավաք խմբի կատարած աշխատանքի արդյունքում, ստուգվել է տարբեր աղբյուրներից։

«Սրանք ադրբեջանական այն դիրքերն են, որտեղից ադրբեջանական զինծառայողները ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարում են ահաբեկչական հանցավոր արարքներ. պարբերաբար կրակում են Գեղարքունիքի Վերին Շորժա, Սոթք, Կութ և մյուս գյուղերի ու մասնավորապես՝ քաղաքացիական տների վրա, զանգվածաբար հրդեհում քաղաքացիական բնակիչների արոտավայրերն ու խոտհարքները: Այս դիրքերի ծառայողներն են կատարել ՀՀ բնակիչների կենդանիների մեծաքանակ գողություններ»,- արձանագրված է Արման Թաթոյանի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը հայկական գյուղերի հարևանությամբ, հատկապես՝ ՀՀ ինքնիշխան տարածքում, կրում է բացահայտ հանցավոր բնույթ, ոտնահարում է այդ գյուղերի բնակիչների կյանքի ու անվտանգ ապրելու, սեփականության, ընտանիքի եկամուտը վաստակելու և այլ կենսական իրավունքներ, խաթարում է  մարդկանց խաղաղ կյանքը:

Թաթոյանը գտնում է, որ անհապաղ անհրաժեշտ է ՀՀ սահմանների շուրջ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու և ադրբեջանական զինծառայողներին հայրենի գյուղերի հարևանությունից, համայնքների միջև ճանապարհներից հեռացնելու գործընթաց ձեռնարկել։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այդ առաջարկն արդեն իսկ ընդգրկվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ այս տարվա սեպտեմբերի 27-ի թիվ 2391 բանաձևում: Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստվում է դրա վերաբերյալ համապատասխան հաղորդումներ ուղարկել միջազգային կառույցներին, ՀՀ պետական մարմիններին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին:

ՄԻՊ-ը նշում է նաև, որ ադրբեջանցիների հանցավոր արարքները, մարդկանց իրավունքների կոպիտ խախտումները բխում են մեկ աղբյուրից՝ Ադրբեջանի իշխանությունների հայատյաց ու թշնամական, էթնիկ զտումների եւ ցեղասպան մոտեցումների վրա հիմնված քաղաքականությունից:

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գեղարքունիքի մարզ են ներխուժել այս տարվա մայիսին։