«Նաիրին հավատարմագիր չի ունեցել ԱԺ մտնելու համար». Հոկտեմբերի 27-ին նրա համար անցագիր իջեցրածի ցուցմունքն ամբողջությամբ

Փորձելով արդարացնել Ազգային ժողովում լրագրողների տեղաշարժի իրոք աննախադեպ սահմանափակումները՝ իշխանական գործիչներից մի քանիսը կրկնեցին նույն փաստարկը, թե լրագրող էր Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներից մեկը, Նաիրի Հունանյանը՝ լինելով լրագրող՝ կարող էր ինչեր անել, ու սա մեր պետության պաշտպանության հարց է:

Նման փաստարկները կարող են ազդու եւ հիմնավոր թվալ նրանց համար, ովքեր չեն հիշում, թե 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ինչպես էին ԱԺ մտել Նաիրի Հունանյանն ու իր խմբակիցները, որոնք անգամ բնավ լրագրողներ չէին: Եվ թարմացնելու համար ոմանց հիշողությունը՝ հրապարակում ենք հատված գործով վկա Վարդուհի Հարությունյանի ցուցմունքից: Նա ԱԺ այն աշխատակիցն է, որն անցագրեր էր իջեցրել խմբի 3 անդամների համար:

ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության նախկին գլխավոր մասնագետ Վարդուհի Հարությունյանի հարցաքննությունը տեղի է ունեցել 1999 թվականի հոկտեմբերի 28-ին, տեւել է մոտ 3 ժամ, այն վարել է ՀՀ զինվորական դատախազության ՀԿԳ քննիչ Ս. Ա. Հովհաննիսյանը:

«…ԱԺ-ի աշխատանքները լուսաբանելու համար մեր վարչության կողմից հավատարմագրեր են տրվում լրատվամիջոցներին։ Հավատարմագրերը անվանական են եւ տրվում են լրատվամիջոցի անունով։ Հավատարմագիր ունեցող լրագրողը, որպեսզի ներս մտնի ԱԺ-ով, հավատարմագրի հետ միասին պարտավոր է ներկայացնել իր լրատվամիջոցի վկայականը։ Նրա տվյալները չեն գրանցվում, որ ներս է մտել ԱԺ։ Մոտ 70-80 հավատարմագիր է տրվում մեր վարչության կողմից։ Բացի հավատարմագիր ունեցող լրագրողներից կամ օպերատորներից, նիստին կարող են մասնակցել լրատվության այլ աշխատակիցներ, որոնք ներս են մտնում անցագրերով, ունենալով հավատարմագրեր։ Վերջիններս իրավունք ունեն գտնվելու դահլիճում եւ նիստի աշխատանքներին կարող են հետեւել միայն դահլիճին կից ճեմասրահից։ Ճեմասրահում կան աթոռներ, որոնց վրա կարող են նստել լրատվության այդ աշխատողները եւ ճեմասրահում գտնվող, բարձրախոսների միջոցով լսել դահլիճում կատարվածը։

ԱԺ-ի նիստերի դահլիճը երկու կողմից ունի ճեմասրահներ, յուրաքանչյուրի կողմից երեքական դուռ։ Երկու կողմից էլ մեջտեղի դռները փակ են։ Դահլիճի մուտքի մյուս չորս դռների մոտ պետք է լինեն ոստիկանության աշխատակիցներ։ Առջեւի դռներից մեկի մոտ սովորաբար կանգնում են Ազգային ժողովի նախագահի թիկնապահները, իսկ եթե ԱԺ նիստերի դահլիճում է գտնվում վարչապետը, այդ դեպքում նաեւ վերջինիս թիկնապահները։

Կառավարության եւ ԱԺ-ի հարցուպատասխանները Ազգային հեռուստատեսության կողմից նկարահանվում են պարտադիր կերպով։ Յուրաքանչյուր երեքշաբթի երեկոյան ՀԱՀ-յան շարժական կայան մեքենան մտնում է բակ եւ նրանց աշխատակիցները դահլիճում տեղադրում են հաստատուն դիրքով 3 տեսախցիկ։ Մեկը գտնվում է բեմի կողքին, մյուսը դահլիճի հակառակ ծայրում, ամենաբարձր կետում, մեջտեղում եւ երրորդը լրագրողներին հատկացված մասի մի անկյունում։ Մնացած օպերատորները դահլիճում շրջում են շարժական տեսախցիկներով, շարքերի երկու կողմերով։ Մեջտեղի անցուղիներով մտնել եւ նկարահանել օպերատորներին արգելվում է։ Նիստի ընթացքում լրագրողները դահլիճում պատգամավորներին մոտենալու իրավունք չունեն։ Լրագրողները պետք է նստեն հատուկ իրենց համար հատկացված տեղում։ Բացի լրագրողներից դահլիճում կարող են գտնվել նաեւ այլ անձինք՝ կառավարության ներկայացուցիչներ, հյուրեր, ԱԺ-ի աշխատակիցներ եւ այլն։ Նրանց մուտքի պատասխանատվությունը մեր վարչությունը չի կրում։

Նաիրի Հունանյանի մասին լսել եմ դեռ ուսանողական տարիներից։ Նա հայտնի էր որպես ակտիվ ուսանող, ուսանողների միության (անունը կոնկրետ չեմ հիշում) նախագահն էր։ Ապա հայտնի էր որպես «Հայլուր» (նախկին) ծրագրի ղեկավար, ապա՝ «Հորիզոն» լրատվական գործակալության հիմնադիր եւ ղեկավար։ Ճանաչել եմ դեմքով։ Եվ միայն մեկ տարի առաջ ես անձնապես ծանոթացա Նաիրիի հետ։ Առիթը եղել է հեռուստատեսային «Մեկ լուր» հաղորդաշարը, որը վարում էի ես, սակայն հաղորդումը պատրաստում էինք Նազարյան Տիգրանի հետ միասին։ Նաիրին Նազարյան Տիգրանի ընկերն է եւ վերջինիս միջոցով ես ծանոթացել եմ Նաիրիի հետ։ Այդ ծանոթությունից հետո ես ուշադրություն դարձրեցի, որ Նաիրին հաճախ է լինում Ազգային ժողովում, գրեթե միշտ ճեմասրահում։ Նրան տեսել եմ եռօրյա նիստերի ժամանակ։ Որքան որ ես նկատել եմ, նա շփվում էր պատգամավորների, լրագրողների հետ, լինում էր բուֆետում։

Ձեր հարցին պատասխանում եմ, որ երբ Նազարյան Տիգրանը ինձ ծանոթացրել է Նաիրիի հետ, ես չեմ հարցրել, թե նա ինչով է զբաղվում, քանի որ հաստատապես համոզված էի, որ նա շարունակում է զբաղվել լրագրությամբ։ Իմ հանդիպումները Նաիրիի հետ եղել են բացառապես ԱԺ-ի նիստերի ժամանակ, միշտ այլ լրագրողների եւ հիմնականում Տիգրան Նազարյանի ընկերակցությամբ։ Ես նրա հետ առանձին ոչ մի շփում երբեք չեմ ունեցել։

Ձեր հարցին պատասխանում եմ, որ Տիգրան Նազարյանը ԱԺ-ի նիստերին գալիս էր միշտ հավատարմագրով եւ հաղորդում էր պատրաստում «Հայլուր» հեռուստածրագրի համար։

Նաիրին հավատարմագիր չի ունեցել ԱԺ մտնելու համար։ Իմ իմանալով նա «Հորիզոն» լրատվական գործակալության ղեկավարն էր։ Ես չեմ կարող ասել այդ գործակալությունը մեր կողմից հավատարմագիր տրվել է, թե ոչ, ինչպես նաեւ չեմ կարող ասել, թե ամեն անգամ Նաիրին ինչ միջոցով է մտել ԱԺ՝ անցագրո՞վ, թե՞ հավատարմագրով։ Սակայն մի քանի անգամ, իմ հիշելով 2 կամ 3 անգամ, Տիգրան Նազարյանի խնդրանքով ես եմ անցագիր իջեցրել Նաիրի Հունանյանի համար։

Դեպքից մեկ օր առաջ, հոկտեմբերի 26-ին, երեկոյան ժամը 19.30-ից 21-ի սահմաններում ես գտնվում էի Տիգրան Նազարյանենց տանը, ուր քննարկում էինք համատեղ հաղորդում ստեղծելու մեր ծրագրերը։ Այդ ընթացքում զանգահարեց Նաիրի Հունանյանը, սակայն Տիգրանը նրա հետ չխոսեց։ Տիգրանի կինը՝ Հասմիկը, ասաց, որ ամուսինը զբաղված է։ Տիգրանն այդ ժամանակ ինձ ասաց, որ Նաիրին իրենից խնդրել է իմ հեռախոսահամարը։ Ինչի համար, ինքը չգիտեր։ Տիգրանը ինձ ասաց, որ այդ օրը խորհրդարանում է տեսել Նաիրիին։ Վերջինս այնտեղ էլ հարցրել էր իմ հեռախոսի համարը։ Դրանից հետո ես տուն եմ գնացել։

Երեկ առավոտյան ես գտնվում էի իմ աշխատավայրում։ Իմ հիշելով՝ ժամը 11-ի սահմաններում զանգեց Նաիրին։ Սենյակում միայն ես էի։ Նաիրին ինձ խնդրեց ժամը 16-ի համար 3 հոգու համար անցագիր իջեցնել, որպեսզի մտնեն ԱԺ-ի շենք։ Նա ասաց, որ անցագիր է հարկավոր նաեւ իր եղբոր՝ Կարենի եւ քեռու՝ Գալստյան Վռամի համար։ Երբ հարցրեցի, թե այդ երկուսն ինչու պիտի մտնեն ԱԺ, Նաիրին ինձ բացատրեց, որ քեռին հաղթանակ է տարել գյուղապետի ընտրություններում, սակայն ցանկանում են ընտրությունները չեղյալ համարել, ուստի իրենք ցանկանում են այստեղ (ԱԺ-ում) տեսնել որոշ մարդկանց, պաշտոնատար անձանց եւ նրանց աջակցությամբ լուծել այդ խնդիրը։ Հավատալով նրան եւ չուզենալով մերժել լուրջ հարցի լուծման համար ինձնից ակնկալվող փոքրիկ օգնությունը, (գոնե ես այդ պահին այդպես էի մտածում) ես խոստացա Նաիրիին կատարել իր խնդրանքը։ Ինչը եւ արեցի անմիջապես իր հետ հեռախոսազրույցի ավարտից հետո։ Զանգահարեցի անցագրային բաժին եւ մամուլի ծառայության կամ վարչության անունից պատվիրեցի 3 անցագիր՝ Նաիրի եւ Կարեն Հունանյանների, եւ Վռամ Գալստյանի անուններով։ Հաջորդ պահին իսկ այդ մասին մոռացա եւ շարունակեցի զբաղվել իմ առօրյա հոգսերով։

Ձեր հարցին պատասխանում եմ, որ Նաիրիի եղբորը չեմ ճանաչել։ Միայն մեկ անգամ, դեռ նախկին խորհրդարանի օրոք, ես Նաիրիին եղբոր հետ տեսել եմ Ազգային ժողովում։ Նաիրին ինձ ներկայացրել է իր եղբորը։ Ես միայն մեկ անգամ եմ Նաիրիի եղբորը տեսել Ազգային ժողովում։ Ես չեմ կարող ասել ոչ նախկին խորհրդարանից, ոչ էլ նոր ընտրված խորհրդարանի անդամներից ում հետ էր մոտիկ Նաիրին։

Ձեր հարցին պատասխանում եմ, որ ես իրավունք չունեի անցագիր իջեցնել կողմնակի անձանց ԱԺ գործելու համար։

Իմ աշխատանքային ժամը սահմանված է մինչեւ 18.00-ն։ Սակայն երեկ ես աշխատավայրից դուրս եկա ավելի շուտ, ժամը 15-ի շրջանում, քանի որ վատ էի զգում եւ ունեի իմ բաժնի վարիչի Լարիսա Երիջանյանի թույլտվությունը։ Տանն էի արդեն ժամը 16-ին։ Որոշ ժամանակ անց հեռուստատեսությամբ լսեցի, որ ԱԺ-ում կրակոցներ են հնչել։ Անմիջապես զանգահարեցի վարչություն, ճշտելու համար թե ինչ է կատարվում ԱԺ-ում։ Խոսափողը վերցրեց մեր մոնտաժողը՝ Պավլիկը եւ ասաց, որ իրենք էլ չգիտեն, թե ինչ է կատարվում, բայց լսում են, որ ԱԺ նիստերի դահլիճում կրակոցներ են լսվում։ Ապա խոսափողը վերցրեց Արմինե Հովհաննիսյանը, նույնպես մեր աշխատակից, եւ ասաց, որ իրեն շատ վատ է զգում Նվարդը, մեր աշխատակիցներից։ Ես խոսափողը անջատեցի եւ շտապեցի ԱԺ, առավելապես մտահոգված Նվարդի՝ ընկերուհուս, վիճակով։

ԱԺ-ի մոտ արդեն հավաքված էին ոստիկանները եւ ինձ չթողեցին ներս մտնել։ Համոզվելով, որ չեմ կարող մտնել ԱԺ, ես գնացի դեպի մետրոյի «Բաղրամյան» կայարան, որպեսզի տուն գնամ։ Հենց այդտեղ էլ տեսա իմ աշխատակիցներին՝ Լարիսային, Պավլիկին, Արմինեին եւ Նվարդին։ Իրենց մոտենալիս նկատեցի, որ զրուցում են «Առավոտ» օրաթերթի (խմբագիր) թղթակից Աննա Իսրայելյանի հետ։ Աննա Իսրայելյանը դեպքի ժամանակ գտնվել էր դահլիճում եւ դեպքի ականատեսն էր։ Նրանից էլ իմացա, որ Նաիրին մտել է դահլիճ եւ միանգամից կրակել Վազգեն Սարգսյանի ու այլոց վրա։ Մեկն էլ բարձրացել է նախագահություն եւ կրակել ԱԺ-ի նախագահի ու տեղակալների վրա։ Ես ասացի. «Աստված իմ, այդ տականքների համար ես եմ անցագիր իջեցրել»։ Բացարձակապես կորցրեցի ինքնատիրապետումս։ Մի քիչ սթափվելուց հետո գնացի տուն։ Մեկ ժամ անց ինձ զանգահարեց մեր ռեժիսորը՝ Արտաշես Քալանթարյանը ԱԺ-ից եւ ասաց, որ մեզ բոլորիս կանչել են ներքին գործերի նախարարության 6-րդ վարչություն։ Հագնվեցի եւ ժամը 22.00-ին այնտեղ էի։

Ձեր հարցին պատասխանում եմ, որ ես երբեւիցե Նաիրիի մոտ տարօրինակություններ չեմ նկատել, վարչապետ Վազգեն Սարգսյանի հասցեին որեւէ խոսակցություն չեմ լսել։

Ձեր հաջորդ հարցին պատասխանում եմ, որ Նաիրի Հունանյանի մյուս երկու համախոհների մասին որեւէ տեղեկություն չունեմ եւ չգիտեմ, թե ինչպես են նրանք մտել Ազգային ժողով։

Ուզում եմ մեկ անգամ էլ հաստատուն ու համոզված կերպով պնդել, որ իմ անցագիր իջեցնել-չիջեցնելը, ցանկացած դեպքում, ետ չէր պահի նման մարդուն իր նպատակի իրագործումից։ Նա այլ միջոց կգտներ մտնելու Ազգային ժողով, ինչը արել է շատ անգամ, առանց իմ օգնության։ Սակայն այդ օրը, չգիտես ինչու, այդ տղան որոշել է օգտագործել ինձ։ Ցավում եմ ու խիստ ափսոսում, բայց դա նրան հաջողվել է»:

Ցուցմունքս գրված է իմ ձեռքով, ճիշտ է, որի համար ստորագրում եմ»: