Նախարարը պարզաբանում է՝ հնարավո՞ր է պատվաստվելուց հետո կրկին վարակվել կորոնավիրուսով

«Սպուտնիկ V»-ի արտադրական պրոցեսների որոշակի հապաղում կա, ինչի պատճառով մատակարարման ժամկետներն էլ են մի փոքր հապաղում, բայց հույս ունենք՝ մյուս շաբաթ արդեն կստանանք երկրորդ դեղաչափը, ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Հայաստանում պատվաստանյութերի առկայության խնդրին։

Նա նշեց նաև, որ եղել են դեպքեր, երբ արդեն պատվաստված անձինք վարակվել են կորոնավիրուսով:

«Կա մի քանի տասնյակ դեպք, երբ պատվաստվածները վարակվել են կորոնավիրուսով: Ծանր դեպքեր, կարելի է ասել, չենք ունեցել, բայց «դելտա» շտամը որոշակի փոփոխություններ է բերում՝ թե՛ վարակելիության մակարդակն է ավելի բարձր, թե՛ հիվանդացությունն է ավելի ծանր ընթանում: Պատվաստվելու դեպքում վարակվելու ռիսկը պահպանվում է, բայց վարակվելու հետևանքով ծանր և ծայրահեղ ծանր ընթացք տանելու ռիսկը շատ նվազ է», — ասաց Ավանեսյանը: