ԱԺ-ում «շիշ բռնող» մականունով տղայի վրա շիշ շպրտելն, իհարկե, սխալ էր, մանավանդ երբ դա անում է գեներալը, բայց ես ուզում եմ պատմել մի իրականության մասին, որի շնորհիվ….. լրագրողը բացահայտում է անում

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Բայց ես ուզում եմ պատմել մի իրականության մասին, որի շնորհիվ հազարավոր հայ զինվորների, այդ թվում այս տեքստը կարդացող շատ ծնողների զավակների կյանքեր փրկվեցին 2016-2020 թվականների ընթացքում։

2016-ի ապրիլյան պատերազմից հետո «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հաղորդում սարքեցի առաջնագծի խնդիրների մասին։ Եթեր գնալուց հետո ինձ զանգեց Արամ Եդիգարյան անունով գիտնական’ նշելով, որ իր ընկերությունը ստեղծել է սահմանային դիտարկման տեսախցիկներ, որոնք միանգամից երեք գործառույթ ունեն’ գիշերային տեսանելիություն, ջերմատեսիլ և հեռադիտակ։ Այդ սարքերը տեղադրվում են առաջնագծից 3-4կմ հետ և կարող են հաջողությամբ դիտարկել թշնամու տեղաշարժը օրվա ցանկացած ժամին և ցանկացած եղանակային պայմաններում։

Արամի ստեղծած սարքը նկարեցինք, հաղորդումը եթեր գնաց 2016-ի մայիսի 20-ին’ ՀՀ ՊՆ-ին կոչ անելով ձեռք բերել այդ սարքերը և փրկել հայ զինվորի կյանքը։

Մայիսի 22-ին ես գործուղվեցի ՌԴ Անապա քաղաք’ նկարահանումների։ Վերադարձին ինձ զանգեց Արամը և հայտնեց, որ իր հետ կապվել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ցանկացել մանրամասներ իմանալ հայկական արտադրության առաջնագծի դիտարկման սարքի մասին։

Արամը հանդիպել էր Սեյրան Օհանյանի հետ։ Թե ինչ էր եղել հետո, պայմանավորվեցի՞ն արդյոք հայկական ընկերությունն ու ՊՆ-ն, թե՞ պետությունը պայմանագիր կնքեց այլ ընկերությունների հետ, չեմ մանրամասնի, բայց ամիսներ անց ՀՀ և Արցախի առաջնագծի մեծ մասում տեղադրվեցին դիտարկման սարքեր’ ապահովագրելով հայ զինվորին թշնամու դիվերսիոն գործողություններից և փրկելով հազարավոր կյանքեր։

Այս դրվագի մասին տեղեկացեք մարդկանց հայհոյելուց առաջ։ Սեյրան Օհանյանի հետ երբևէ ծանոթ չեմ եղել, բայց սեփական փորձով գիտեմ, որ նրա շնորհիվ առաջնագծի ողջ երկայնքով տեղադրվեցին դիտարկման սարքեր, և հայ դիրքապահ զինվորի համար թշնամու յուրաքանչյուր գործողություն դարձավ տեսանելի և վերահսկելի»։