Ըստ ականատեսների՝ պայթյունի մեկ եւ կրակոցի երկու ձայն է լսվել շենքից. փոխհամայնքապետ

Ուժային կառույցներն այս պահին հատուկ գործողություններ են իրականացնում՝ զինված անձին, որը ներխուժել է Մասիսի համայնքապետարան, վնասազերծելու ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է համայնքապետի տեղակալ Նորայր Հակոբյանը։

«Դեպքի պահին շենքում են գտնվել պահակն ու մեկ մաքրուհի, որոնք այս պահին մեզ հետ են, նրանց որեւէ վտանգ չի սպառնում։ Ըստ ականատեսների՝ պայթյունի մեկ ձայն եւ կրակոցի երկու ձայն է լսվել համայնքապետարանի շենքից։ Ականատեսներն ասում են, որ նա սթափ վիճակում չէ»,- ասել է Նորայր Հակոբյանը։

Նշենք, որ արդեն մեկ ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Մի տղամարդ՝ զինված պայթուցիկով մտել է Մասիսի քաղաքապետարան եւ սպառնում է այն պայթեցնել։