Իշխան Սաղաթելյանը հրահրել է բախումներ, օգտագործել է ատելության խոսք. մեկնարկել է նրան պաշտոնից հեռացնելու հարցով ԱԺ նիստը

Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը արտահերթ նիստ է հրավիրել ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններից հեռացնելու հարցով։

Հիմնական զեկուցող Արուսյակ Ջուլհակյանը հիշեցրեց, որ ՔՊ-ն կողմ էր քվեարկել Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը՝ հարգելով ՀՀ քաղաքացիների ընտրությունը։

Նա ասաց, թե Իշխան Սաղաթելյանը 2022 թվականի հունվարի 18-ից առ հունիսի 29-ը ներառյալ, ունեցել է 198 բացակա։ ԱԺ խորհրդի 25 նիստերից Սաղաթելյանը միայն 7-ին է ներկա եղել։

«Հաճախակի բացակայությունների պատճառով Իշխան Սաղաթելյանը չի կատարել իր անմիջական պարտականությունները», — նշեց ՔՊ-ական պատգամավորը։

Ջուլհակյանը հիշեցրեց նաև, որ թե՛ Իշխան Սաղաթելյանը, թե՛ նրա գործընկերները հրաժարվել են 8-րդ գումարման առաջին նիստի օրը տալ պատգամավորի երդումը։

Ըստ իշխանական պատգամավորի՝ Իշխան Սաղաթելյանը հրահրել է բախումներ, օգտագործել է ատելության խոսք, վիրավորել հանրության տարբեր ներկայացուցիչների, ԱԺ պատգամավորների։

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ որոշման ընդունմամբ նպատակ ունի հետագայում ընտրելու ԱԺ նախագահի՝ ընդդիմության կողմից առաջադրված այնպիսի տեղակալի, որը կկատարի իր պարտականությունները՝ ապահովելով ԱԺ բնականոն գործունեությունը», — ասաց Արուսյակ Ջուլհակյանը։

Նա գործընկերներին կոչ արեց կողմ քվեարկել Իշխան Սաղաթելյանին պաշտոնից հեռացնելու որոշմանը։