Երկու եղբայրները զոհվել են նույն օրը

Գեղամ Ղազարյանը ձեռքը դնում է հայրական տան բակի բարդուն, ապա նայում հեռուներ։ Կրտսեր որդու՝ Նարեկի բարդին է, դրա կողքին՝ բակային տաղավարը։ Ու թվում է, թե հայրը մտովի վերադառնում է այն ժամանակներ, երբ երկու որդիներն ինքնամոռաց խաղում էին: Հիմա բարդու կողքին երկու որդիների՝ Նարեկի եւ Սամվելի հիշատակի հուշարձանն է՝ «Կյանքս Արցախին» գրությամբ։ Երկուսն էլ զոհվել են նույն վայրում նույն օրը՝ ժամերի տարբերությամբ, Նարեկը՝ 18 տարեկանում, Սամվելը՝ 19։

Նարեկ Ղազարյանը հետմահու արժանացել է Արցախի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ու «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ ավագ եղբայրը՝ Սամվելը, ստացել է Արցախի հերոսի կոչում։

Էջմիածնի Զվարթնոց թաղամասում սառն է, թեեւ դեռ կեսօր է։ Հուշարձանի մոտ հավաքվել են հարեւաններն ու ընկերները։ Ու բոլորի դեմքերին անբացատրելի ցավի թրթիռ ու ափսոսանք կա։ Այստեղ պարզապես ուզում ես գլուխդ կախել եւ լռել։ Ծանր է խոսելը։ Գեղամ Ղազարյանն անհանգիստ անցուդարձ է անում, կարծես, ցավը ներսից այրում է։ Նրա ամեն օրն սկսվում է այստեղից։ Հուշարձանի թե՛ ստեղծման, թե՛ տեղադրման նախաձեռնությունը նրանն է։

Քիչ անց նա մեզ հրավիրում է տուն։ Դարպասի դուռը բացելուց հետո ասում է՝ մի ժամանակ երջանիկ տուն էր, բայց․․․ Նախադասությունը կիսատ է թողնում եւ արագ ներս մտնում։ Բակում արքայանարնջի փոքր ծառն է։ Բանակ գնալուց առաջ Նարեկն էր տնկել՝ խնդրելով ջրեն մինչեւ իր վերադառնալը։ Ձմռան այս ամիսներին տնկին չորացել է։

Հյուրասենյակի մուտքի մոտ կինն է՝ Նուշիկ Մուրադյանը։ Նա մեղմ ժպիտով մեզ հրավիրում է ներս։ Սենյակի անկյունում երկու եղբայրների լուսանկարներն են՝ կողք-կողքի։ Սեղանին նրանց մեդալներն են եւ ծաղիկներ։

Նուշիկը, դարակը բացելով, ցույց է տալիս Նարեկի մեքենաների հավաքածուն։ Մի պահ նայելով դրանց՝ մայրը տխուր ժպտում է։ Համակարգչի վրա Նարեկի խաղալիք զինվորներն են։ «Նարեկն այդպես էլ երեխա գնաց»,- սա ասելուց հետո Նուշիկի աչքերը խոնավանում են, եւ արցունքները, կարծես, անձրեւի պես թափվում։ Բանակ գնալուց առաջ Նարեկը տանն էր թողել նաեւ հեռախոսը՝ մորը խնդրել էր պահել մինչեւ հետ կգար։

Նուշիկը սուրճը դնում է սեղանին, հետո լուսանկարների ալբոմն է բերում։ Հիշողության թելը ձգվում է անցյալի միջով եւ երբ հասնում է ներկա, կտրվում է։ Հիմա նրանց ներկան էլ լցված է անցյալով։

Ամուսիններով զրոյից տուն են ստեղծել, բայց երբ պիտի վայելեին, Գեղամն ասում է «տունս քանդվեց»։ Երկու եղբայրներն այնքան մտերիմ էին ու ընկերական, որ դա առանձնակի ջերմություն էր հաղորդում ծնողներին։

Սամվելը ծնվել է 2000 թ․ դեկտեմբերի 23-ին, Նարեկը՝ 2002 թ․ փետրվարի 13-ին։ Նուշիկն ասում է՝ Նարեկը չէր սիրում իր ծննդյան օրը։ Քանի որ այդ օրը սկսում էին նշել Տրնդեզը, շատերը չէին կարողանում ներկա գտնվել նրա տարեդարձի խնջույքին։ «Միշտ ասում էի՝ իմ դասական եւ ռաբիս տղերքը։ Նարեկը դասական էր՝ սկսած հագնվելու ոճից, լսած երաժշտությունից, Սամվելը ռաբիս երաժշտություն էր լսում, դհոլ էր նվագում։ Նարեկը գրական էր խոսում, մեզ էլ երբեմն ուղղում էր։ Արվեստագետների կյանքն էր կարդում։ Մի քանի անձեռոցիկ էր պահում մոտը, կարող ա ճանապարհի կեսից հետ գար, ասեր՝ շորերիս համադրությունը դուրս չի եկել»,- պատմում է մայրը, ու նրա աչքերը դարձյալ խոնավանում են։

Հյուրասենյակի պատին փոքր դհոլ է կախված։ Սամվելի ընկերներն էին նվիրել նրան՝ բանակ գնալուց առաջ։ Սամվելը պրոֆեսիոնալ դհոլ նվագող էր։ Գեղամը հարեւան սենյակից բերում է նրա դհոլը։ Զորակոչվելուց առաջ Սամվելը սպիտակ էր ներկել դհոլը, հետո ասել, թե երբ վերադառնա, սեւ դհոլ է առնելու իր համար։

Դեռ փոքրուց Սամվելը միշտ նվագում էր սեղանների, յուղի տարաների վրա, ինչը նկատելով՝ հայրը տարել էր երաժիշտ ընկերոջ մոտ։ Կարճ ժամանակ անց արդեն տղան մրցույթների էր մասնակցում, Վրաստան էր գնացել։ Գեղամը հեռախոսով միացնում որդու ելույթներից մեկը. Սամվելն «Արցախ» ստեղծագործությունն է նվագում։ Բանակ գնալուց առաջ վերջին ամիսներին նա անընդհատ դա էր նվագում։

«Մի անգամ էնքան էր նվագել, արյունը հելել, էթում էր մատերից։ Ես քնած էի, եկավ ձեն տվեց, ասեց՝ նայի, արյուն ա, ասեցի՝ նվագի, կարող ա ես չլինեմ, դու սրանով ընտանիք պահես։ Գերեզմանիս կգաս, կասես՝ այ հեր, քեզնից գոհ ու շնորհակալ ենք, բայց հակառակը դուրս եկավ․․․ Ես բոլորին ասում եմ՝ չունենք, էս երկուսն ա մերը։ Իմ տունը քանդվել ա»,- ասում է հայրը։

«Բանակից զանգում էր, ասում էր՝ մամ, կարոտել եմ դհոլիս ձայնը»,- ասում է Նուշիկն ու ավելացնում, որ թաղամասում շատ երեխաներ էին սպասում Սամոյի գալուն, որ գար ու իրենց էլ նվագել սովորեցներ։

Սամվելն ու Նարեկը դպրոցական տարիներից աշխատում էին փայտի արտադրամասում։ Նուշիկը հիշում է՝ ամբողջ թաղամասի տղաներն էին աշխատում, միայն նրանք չէին։ Դասերից հետո գնում էին աշխատանքի, մի քանի ժամ անց գալիս եւ դասերին անցնում։ Նարեկն իր հավաքած գումարով մորը վերարկու էր գնել։

Նարեկը զորակոչվելուց առաջ խոհարարական դասերի էր գնում եւ որոշել էր զորացրվելուց հետո շարունակել։ Մտադիր էր Իսպանիա գնալ, որտեղ բնակվում է հոր ընկերը։

Սակայն պատերազմն անավարտ թողեց ամեն բան։

Սամվելը զորակոչվել էր 2019 թ․ հուլիսին։ Ծառայում էր Ջրականում։ Մի տարի հետո եղբայրն էր զորակոչվել։ Ծնողներն ասում են՝ Նարեկի զորակոչը կարող էին 6 ամիս հետաձգել, քանի որ զորակոչվելուց մի քանի օր առաջ ընկերների հետ լողավազան էր գնացել ու քիթը վնասել։ Ծնողները չկարողացան համոզել, որ մնա եւ վիրահատի քիթը։ «Ասեց՝ պապ, ես ուզում եմ էթամ ախպորս մոտ՝ Ջաբրայիլ»,- հիշում է հայրը։ Մինչ նա աշխատանքից կվերադառնար, Նարեկն արդեն զինկոմիսարիատում ներկայացել էր։ 2020-ի օգոստոսի 9-ին զորակոչվել է բանակ։ «Իրենք իրարով ապրում էին»,- նկատում է հայրը։ Հետո նրա հայացքը մթնում է, ինչպես ուժեղ որոտի ու կայծակի ժամանակ։ «Նարեկը չհասցրեց պրիսյագ ընդունի, բայց զինգրկույքում գրել են, թե ընդունել ա»,- ասում է նա։

Սեպտեմբերի 27-ին Սամվելը զանգել էր հորը, նախ հարցրել, թե մաման կողքի՞ն է։ Հայրն սկզբից մտածել էր, թե գուցե տղայական կռիվ է եղել, չի ցանկանում, որ մայրն իմանա։ «Ասեց՝ չէ, պապ, որ մի շաբաթ կամ 10 օր չզանգեմ, չանհանգստանաս»,- հիշում է Գեղամ Ղազարյանը։ Կինն ավելացնում է, որ ընկերուհու որդին Հադրութում էր ծառայում եւ պատերազմից 10 օր առաջ զագել էր, ասել, որ պատերազմ է լինելու։

Պատերազմից 10 օր առաջ Նարեկենց կարանտինից հանել էին ու տարել Ջաբրայիլ։ Հոկտեմբերի 5-ին Նարեկը զորակոչվելուց հետո առաջին անգամ զանգել էր մորը։ Մի անգամ էլ Հադրութից էր զանգել՝ հոկտեմբերի 9-ին։

Նուշիկը երթուղային տաքսու մեջ էր։ Որդին հարցրել էր՝ մամ, Սամոն զանգե՞լ ա։ «Նարեկը գիտեր, որ հոկտեմբերի 5-ին Ջրականում սպանդ է եղել, ասեցի՝ հա, զանգել ա, ասեց՝ վախ, մամ: Էդ բառերը մինչեւ հիմա ականջիս մեջ են։ Ինքը հասկացավ, որ ախպերը կենդանի է»,- նշում է մայրը։

Սամվելը վիրավոր ընկերոջը շալակած նահանջելով հասել էր Հադրութ։ Զանգել էր մորը, ասել, որ եթե զանգի, հանկարծ թուրքը վերցնի, չվախենա, հեռախոսը մնացել է դիրքերում։ Այդ ժամանակ մայրը հասկացել էր, որ վիճակը վատ է։ «Ասեց՝ մամ, մեր աֆիցերը մեր կյանքը փրկեց։ Որ հարձակվեցին, ասեց՝ ձեզ մսաղացի բերան են տանում, տանկերի դեմ ավտոմատներով էինք։ Մեզ ասեց՝ փախեք ինչքան կարաք, ոչ մեկին չլսեք, իր վրա վերցրեց կռիվը, նահանջի ժամանակ մի կրակոց լսեցինք, ու դրանից հետո կրակոցներ էլ չէին գալիս, հասկացանք, որ խփել են։ Ես կուզեի իմանալ էդ աֆիցերի ընտանիքին։ Ես ծնկի կիջնեի նրա կնոջ եւ երեխաների առջեւ»,- ասում է Նուշիկը։

Հոկտեմբերի 8-ին եղբայրներով հանդիպել էին Հադրութում։ Երբ զանգել էին ծնողներին, ուրախությունից իրար հերթ չէին տալիս։ Հետո Սամվելենց դիրքեր էին տարել, ավելի ուշ Նարեկը զանգել էր ու ասել, որ իրենց էլ Սամվելենց մոտ են տանում։ «Այդ պահին իմ ամբողջ մարմնով սարսուռ անցավ։ Իրենց մահվան օրը ես երազ էի տեսել»,- ասում է մայրը։

Հոկտեմբերի 12-ին Սամվելը գլխից մահացու վիրավորում է ստացել, ժամեր անց Նարեկն է վիրավորվել եւ, արնաքամ լինելով, 12 ժամ հետո մահացել է։ Ծնողներն ասում են՝ Նարեկի մոտ 36 հոգի զինվոր է եղել, որոնցից ոչ մեկ չի օգնել իրենց մարտական ընկերներին. Նարեկի հետ եւս մի վիրավոր կար: Ասում են՝ բա էդ ո՞նց Սամոն իր վիրավոր ընկերոջը շալակած Ջաբրայիլից Հադրութ էր տարել։ Բոլորս լռում ենք։

Եղբայրները զոհվել են Հադրութի հարեւան Վանք գյուղի մոտ։ Նարեկի մարմինը շաբաթներ անց են գտել, իսկ Սամվելինը՝ 10 ամիս հետո։

Գեղամ Ղազարյանն ասում է՝ եթե երկու եղբայր գտնվում են ռազմական գործողության մեջ, կարգի համաձայն՝ նրանցից մեկը պետք է լինի պատերազմի դաշտից 100 կմ հեռու, այսինքն՝ Նարեկը պետք է լիներ ոչ թե Հադրութում, այլ Գորիսում։

«Էդ 18 տարեկան 300-400 նորակոչիկի գլուխը որ կերել են, էդ էրեխեքից մոտավոր 100-ն ա պրիսյագ ընդունած եղել, էն էլ առաջին ընթացք ա գնացել»,- նկատում է Գեղամ Ղազարյանը։

Պատերազմի ժամանակ Նարեկը, տեսնելով հրամանատարներից մեկը զոհվելը, իր ձեռքն էր վերցրել նրա պարտականությունը։ Հայրը պատմում է, որ որդին ընկերոջ հետ «Տ-90» տանկ է խոցել «Ֆագոտով»։ «Պատերազմի ժամանակ երեւի 4 մասնագիտություն փոխեց։ Ճարպիկ էր։ Սամոս էլ կարար փախներ, բայց չփախավ, ոտով կարար գար տուն, բայց չեկավ։ Մի իջեւանցի ընկեր ուներ, եկավ մեր տուն, էդ տղեն էլ 24 տարեկան էր, Ռուսաստան էր ապրել, եկել էր ծառայեր։ Նստած լացում էր, ասում էր՝ ըտենց բան չեմ տեսել, բերեց կապեց, վիրավոր էի, ասեցի՝ Սամո, որ թուրքը մտնի բլինդաժ, կխփես ինձ։ Ճակատս պաչեց, ասեց՝ բիձիկ, քո էրեխեն առանց հեր պիտի չմեծանա։ Ինձի դրեց իր շալակին ու սկորուն հասցրեց, հետ գնաց»,- պատմում է հայրը, նրա ձայնը մի պահ նվաղում է։

Ասում է՝ որդիների կորստի մասին լսելուց հետո առաջին երկու ամիսներին սկսել էր խմել՝ ցավը խեղդելու, մոռացության տալու համար, բայց հակառակն էր տեղի ունենում։ Շաբաթվա մեջ մի քանի անգամ որդիների մոտ՝ գերեզմանոց է գնում։ Մի քանի օր առաջ գիշերվա ժամը երկուսին ոտքով էր գնացել։ Նարեկն ու Սամվելը հուղարկավորվել են Զվարթնոց թաղամասի գերեզմանատանը։

«Ես շատ եմ խեղճանում, բայց պահի տակ գիտե՞ք ինչքան եմ հպարտանում, որ իմ տղերքը չեն փախել, զոհվել են հանուն հայրենիքի՝ 18-20 տարեկան»,- ասում է Գեղամ Ղազարյանը։

Հիմա Սամվելն ու Նարեկը նրանց երազներում են այցելում։ Հայրն ամեն օր տեսնում է Սամվելին, իսկ Նարեկին՝ մեկ անգամ։ Մայրը նույնպես երազներում է փնտրում նրանց։ Ամուսիները Սամվելին կենդանի են տեսնում երազներում։

Ավագ որդու մարմինը 10 ամիս փնտրում էին։ Նուշիկն ասում է՝ ամուսինը Ղարաբաղից տուն չէր գալիս, այդ ամիսների տանջանքն աննկարագրելի է։

«2021 թ. հուլիսի 18-ին, երբ Հերացին փակեցին ծնողներով, դիահերձարանի տնօրենը՝ Բիշարյանը, ասեց՝ գիտես, քո տղին գտել ենք, Աբովյանում ա, փոքր տղուդ հետ ԴՆԹ-ն երկու անգամ բռնել ա։ Բա լավ, էսքան ժամանակ ինչի՞ եք պահել, դուք գիտեք, որ Ղարաբաղից տուն չեմ գալիս, ասում ա՝ վախում էինք քեզ ասեինք, քոնը երկու տղա էր։ Գնացինք Աբովյան, ասեցինք՝ բա ձեր պադվալում ի՞նչ ա, ասեցին՝ սառնարան ենք սարքում դիակների համար, իջնում ենք պադվալ, ի՞նչ պադվալ, մարդիկ իսկի իրանց կարտոլի մեշոկները էդպես չեն դնում։ Էդ նույն ղեկավարությանն ասում եմ՝ արա, դուք ասում էիք՝ պիտի խոնարհվենք մեր հերոսների առաջ, բա հերոսներին տենց են պահո՞ւմ»,- հիշում է Գեղամ Ղազարյանը։ Տեսածն ու զգացածը, դիահերձարանի հոտը մոռանալ չի կարող։ Մատով խփում է քթարմատին, ասում. «Այ էստեղ ա մնացել էդ ամեն ինչը»։

Ամուսինները նշում են, որ Սամվելի մարմինը բերել էին ուրիշ անուն-ազգանվամբ, եւ այդ տղան նույնպես գլխից էր վիրավորվել։ «Հետո ես սաղին ասել եմ՝ իմ տղեն ծխող ա, հնարավոր չի, որ մի լուցկու չոփ չլինի նրա ջեբերում»,- նշում է հայրը՝ թույլ հույս ունենալով, որ գուցե մի օր կգտնի ավագ որդուն։

Նրա հետ գնում ենք գերեզմանոց։ Գեղամի ընկերը լուռ խունկ է վառում: Որդիների նկարները գունավոր են, հայրն ասում է՝ ոնց որ, գույնով կենդանություն է տվել նրանց։

Գերեզմանաքարերի հետեւի երեսին տղաների խոսքերն են։ Սամվելն ընկերոջ հետ խոսելիս ասել էր. «Ինչ ունենք-չունենք, հետ ենք բերելու․․․», իսկ Նարեկը վերջին անգամ ասել էր. «Մորս կասեք, որ ես իրան շատ եմ սիրում»։

Գեղամն այս նախադասությունը բարձրաձայն կարդալուց հետո ասում է․ «Դրա համար եմ ուզում ապրել, վրեժ ունեմ։ Էդ վրեժի համար եմ ապրում»։

Նյութը՝ hetq.am-ից
07.02.2022