Հայաստանի առանցքային մարտահրավերը .ինչն է բաժին հասնելու մեզ նոր համակարգից

Անկասկած է, որ համաշխարհային անվտանգության այն համակարգը, որ ձևավորված էր գործնականում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և հարաբերական գոյություն էր պահպանում նաև ԽՍՀՄ փլուզումից հետո, գործնականում այլևս գոյություն չունի և աշխարհը անխուսափելիորեն կանգնած է միջազգային անվտանգության նոր համակարգի, դրան տանող «ճարտարապետական» նոր գործընթացների առաջ: Ինչպիսին են լինելու դրանք, շատ բարդ է գնահատել, առնվազն երկու պատճառով: Նախ, այդ գործընթացը իր ամենադինամիկ և զգալիորեն անկանխատեսելի փուլում է և բոլորովին մոտ չէ «եզրագծին», և դրանից բացի այդ գործընթացի ստորջրյա հանգամանքները չափազանց անհասանելի են հայաստանյան դիրքերում և շատ դեպքերում մենք ստիպված ենք գնահատել իրողությունները և հասկանալ որոշակի տրամաբանություն պոստֆակտում: Ըստ այդմ, Հայաստանի համար առավել օպտիմալը թերևս փորձել անցնել առաջ և կազմել սցենարային սխեմաներ, կազմելով որոշակի փաթեթներ:

Բանն այն է, որ միջազգային անվտանգության համակարգը լոկ ուժերի հարաբերակցություն չէ, անվտանգային բաժանարար գծեր կամ այսպես ասած «հաբի» տրամաբանությամբ գոտիներ չեն: Այդ ամենը ունի իր բովանդակությունը, կախված այս կամ այն վեկտորից, այս կամ այն ճյուղի «երկարությունից» և դրա վրա եղած «սաղարթից»: Սա նշանակում է, որ Հայաստանը միջազգային նոր անվտանգության համակարգի ձևավորմանն ընդառաջ իր տնային աշխատանքը պետք է կատարի համալիր տրամաբանությամբ, դիտարկելով թե ուժերի հարաբերակցության հնարավոր միտումները, և թե այդ հարաբերակցության բովանդակային «ստատուս-քվոն»: Ամբողջ խնդիրն այն է սակայն, որ միջազգային անվտանգության համակարգի «ճարտարապետության» նոր լուծումներին և պատկերին պատրաստվելու խնդրին բոլորովին համարժեք չէ հայաստանյան հասարակական-քաղաքական կառուցվածքը: Այստեղ համատարած ցուցանակներ են, որոնց գերակշռող մասը, ճնշող մեծամասնությունն ինքն է զուրկ որևէ բովանդակությունից, որպեսզի կարող լինի դնել Հայաստանը միջազգային նոր համակարգերի տարբեր սցենարների պատրաստելու խնդիր և սպասարկել այն:Մեծ հաշվով, հենց այստեղ է Հայաստանի առանցքային մարտահրավերը, որովհետև միջազգային ներկայիս իրավիճակը իր ռիսկերից զատ, պարունակում և բերում է նաև հնարավորություններ, և մեր ներքին հասարակական-քաղաքական օրգանականությունից և բովանդակությունից է կախված, թե ինչը բաժին կհասնի մեզ արտաքինից:

1in.am