Առնվազն 6 խոշոր և հայտնի քաղաք կարող է ջրի տակ անցնել. Որո՞նք են դրանք

Կլիմայի ուսումնասիրությամբ զբաղվող «Climate Central» կազմակերպության տվյալներով՝ արդեն 10 տարուց մոլորակի մի շարք խոշոր քաղաքներ կարող են անհետանալ երկրի երեսից։ Նշվում է, որ այդ բոլոր բնակավայրերը գտնվում են խոշոր ջրային ավազանների մոտ։

Գլոբալ տաքացման և ծովի մակարդակի բարձրացման պատճառով առաջիններից մեկը ջրի տակ կարող է անցնել Ամստերդամը։ Նույն հեռանկարն է սպառնում Իրաքի Բասրա նավահանգստին, որը գտնվում է Պարսից ծոց թափվող Շատ էլ Արաբ գետի հունում։ Համանուն քաղաքը գտնվում է ճահիճների վրա, որը մինչև 2030 թվականը կարող է լցվել ջրով։ Ջրասույզ կարող է լինել նաև ԱՄՆ-ի Նոր Օռլեան քաղաքը, որը թեև ամբարտակների զարգացած համակարգ ունի, բայց այն կարող է չդիմանալ չափազանց մեծ ծավալի ջրի ճնշմանը։ Աղետալի է նաև Ադրիատիկ ծովի 118 կղզիների վրա գտնվող Վենետիկի վիճակը, որն ամեն տարի 2 միլիմետրով սուզվում է։ Կարող է խորտակվել նաև Մեկոնգ գետի մոտ գտնվող Վիետնամի Հոշիմին քաղաքի արևելյան մասը։ Նույնը վերաբերում է հնդկական Կալկուտա քաղաքին։

Կլիմայի գլոբալ փոփոխության մասին 6-րդ զեկույցը ներկայացրած միջկառավարական խմբի փորձագետները հանգել են այն եզրակացությանը, որ այս տարի աշխարհում գրանցված ուժեղ շոգը և տեղումների տևական բացակայությունը պայմանավորված են մոլորակի օդի ջերմաստիճանի աճով, որն էլ, իր հերթին, հանգեցնում է Արկտիկայի սառցե ծածկույթի կրճատմանը և համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացմանը։