Քաղցր ըմպելիքները կարող են 5-11 տարով ծերացնել մեզ. 4200 կամավոր մասնակցել է գիտափորձի՝ ահա արդյունքը

Քաղցր ըմպելիքները կարող են 5-11 տարով ծերացնել ուղեղը, հաղորդում է բրիտանական Daily Express պարբերականը՝ հիմնվելով Բոստոնի համալսարանին կից գործող Բժշկական դպրոցի գիտնականների ուսումնասիրությանը։

Լրատվամիջոցը նշում է, որ շաքարն ունակ է կործանիչ ազդեցություն ունենալ ուղեղի ֆունկցիաների վրա, իսկ դրա մեծ պարունակությամբ ըմպելիքները քայքայում են ուղեղը՝ ժամանակի ընթացքում հանգեցնելով նախաճակատային կեղևի փոքրացմանը։ Գիտափորձին մասնակցել է շուրջ 4200 մարդ. պարբերաբար ստուգվել են նրանց ճանաչողական ֆունկցիաները և հիշողությունը։ Կամավորները պատմել են, թե որքան շատ են օգտագործում քաղցր ըմպելիքներ, իսկ մասնագետները ստուգել են օգտագործվող շաքարի քանակի ազդեցությունը օրգանիզմի վիճակի վրա։ Պարզվել է, որ օրական 1-2 բաժակ քաղցր ըմպելիքի օգտագործումը 5,8 տարով ծերացնում է ուղեղը, իսկ այդ չափաբաժնի գերազանցումը բերում է ուղեղի 11 տարով ծերացմանը։

«Գիտնականները հիշողության ֆունկցիայի նկատելի վատացում և գլխուղեղի ծավալի փոքրացում են արձանագրել գիտափորձի այն մասնակիցների մոտ, ովքեր պարբերաբար շաքարի հավելումով ըմպելիքներ են օգտագործել։ Միանգամայն այլ տվյալներ են գրանցվել նման ըմպելիքներ չօգտագործող մարդկանց մոտ»,- գրել է Daily Express-ը։

Բոստոնի համալսարանի Բժշկական դպրոցի նևրոլոգիայի պրոֆեսոր Սուդխա Սեսխադրին նշել է, որ ուսումնասիրության արդյունքները վերջնական չեն, սակայն համոզիչ են, ուստի հիմնավորված եզրակացություններ անելու հնարավորություն են տակիս։ «Ակնհայտ է, որ քաղցր ըմպելիքների օգտագործումն այդքան էլ շատ դրական ազդեցություն չունի, իսկ շաքարի փոխարինումը քաղցրացնող արհեստական նյութերով ակնհայտորեն չի օգնում»,- եզրակացրել է գիտնականը։

Ավելի վաղ ամերիկացի դիետոլոգները պարզել էին, որ առավել անվտանգ համարվող սուկրալոզա արհեստական քաղցրացուցիչը բացում է ախորժակը և մեծացնում ուտելու ձգտումը։ Դա կարող է չեզոքացնել նիհարելու համար առաջարկվող դիետիկ մթերքների և ըմպելիքների ազդեցությունը։